Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն 4)

Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն 4)
«Կռաիտ անել» - Ասել է թե` ծայրից մի փոքր թռցնել, սեփական կարիքները հոգալու նպատակով: Այս գործողությունը բոլորովին գողությունը չէ, եթե իրավապահներն ավելորդ հետաքրքրություն չցուցաբերեն, բայց նաեւ` այնքան էլ խրախուսելի չէ:



Հիշում եք Մհեր Մկրտչյանի հերոսին` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից, որն իր սոցիալական իրավունքները պաշտպանելով` վրդովված հարցնում էր. «Հազար ոչխար եմ պահում, երկու ոչխար ուտելու իրավունք չունե՞մ»: Փաստորեն, ժամանակակից տերմինաբանությամբ՝ մեր սիրած կինոհերոսը երկու ոչխար «կրաիտ արեց»:



«Լացըցնել» - Գործողություն, որի հետեւանքով սուբյեկտը հասնում է անվիճելի ու տպավորիչ հաղթանակի դիմացինի հանդեպ, այսինքն` դիմացինին կարող է հասցնել լացելու ոչ ցանկալի վիճակի: Ուշագրավն այն է, որ դիմացինը կարող է լինել ինչպես ֆիզիկական անձ (մարդ, տեղական կամ միջազգային կազմակերպություն, մրցակից թիմ), այնպես էլ ցանկացած շնչավոր կամ անշարժ առարկա: Օրինակ, կարելի է «լացըցնել» նոր բացված շպրոտի բանկան, ամառային սալաթը, ստյաժկայի ցեմենտը, շեֆի համար պատրաստվող ամսական հաշվետվությունը եւ այլն: