Դատական քաշքշուկ

Դատական քաշքշուկ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ հետաձգել է ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի՝ «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացրած հայցով դատական նիստը։ Այս գործը շատ նման է «Հրապարակի» դեմ ներկայացված հայցին՝ երկու դեպքում էլ անձը վիրավորվել է իր մասին գրված հոդվածից: Քյավառցի պատգամավորը վիրավորվել է «Երկիրի» «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո իր մասին տպագրած հոդվածից եւ իր «պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ» համարել «ստիլյագ», «Քյավառա բարբառով խոսող», «ինքնաթիռով գեղեցկուհիներ տանող-բերող», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունեցող» եւ այլ արտահայտությունները։ Մի տարբերությամբ՝ Արզաքանցյանն ավելի համեստ է գտնվել իր պահանջների մեջ՝ թերթից պահանջել է ընդամենը 3 մլն 568 հազար դրամի փոխհատուցում, որից 500 հազարը՝ փաստաբանական, իսկ 68 հազարը` դատական ծախսերի համար: Իսկ մեր հայցվորը 6 միլիոն դրամ է պահանջում, որից 3 մլն-ն՝ «վիրավորանք», «զրպարտանքի» համար, իսկ 3 մլն-ն՝ դատական ծախսերի: Երեկ «Երկիրի» դատական նիստը հետաձգվել է պատասխանող կողմի՝ «Երկիր» օրաթերթի ներկայացուցիչների ուշանալու պատճառով: Հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ դատական նիստն առանց պատասխանողի շարունակել, սակայն միջնորդությունը մերժվել է: Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 21-ին, ժամը 14։00-ին։ Իսկ «Հրապարակի» գործով երեկ դատարանը վերացրել է մեր գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ դրված արգելանքը: Առանձնապես ուրախալու առիթ չիք, պարզապես դատական համակարգում հասկացան, որ թերթի վրա արգելանք դնելը նշանակում է կասեցնել նրա գործունեությունը: