Կապիկին էլ կարելի է կոստյում հագցնել ու խորհրդարան տանել

Կապիկին էլ կարելի է կոստյում հագցնել ու խորհրդարան տանել
Եթե ուզում ես վերջին լուրերն իմանալ, պիտի տաքսի նստես ու տաքսիստի հետ խոսես՝ երեկ «Հայելի» ակումբում այսպիսի դիտարկում արեց երգահան Ռուբեն Հախվերդյանը, ներկաներից ներողություն խնդրելով իր չածիլված տեսքի համար: Օրվա մյուս բանախոսը՝ երգահան Դավիթ Ամալյանը, անդրադառնալով վերջին օրերին քննարկվող «Տաշիր» մրցանակաբաշխությանը, առանձնակի ընդգծեց, որ մինչեւ տներ նվիրելը ոչ ոք չէր ասում, թե այս տեքստով այս երգն ինչի է եթեր գնում. «Շոու-բիզնեսը դարձել է բոլորիս տան խոսակցության նյութը: Որ հեռուստաալիքը միացնում ես, ինչ-որ ապրանքի գովազդ է, բայց այդ նույն ձեւով հայտնի է նաեւ «Բարֆ» լվացքի փոշին»:



Ռուբեն Հախվերդյանն էլ, անդրադառնալով քաղաքի աֆիշներից մեզ սեր խոստովանող գրություններին, նախ կասկածի տակ դրեց, թե ինչ սերեր են դրանք. «Չես հասկանում, թե ով ում է սիրում, ինչ սեր է դա՝ խմբակային, ոչ խմբակային»: Ապա ավելացրեց՝ դրա փոխարեն ավելի լավ կլիներ, որ Մոնթեի, Դուշման Վարդանի, Լեոնիդ Ազգալդյանի նկարը տեսնեինք, որ ներկայիս սերունդն էլ այդ մարդկանցով ոգեշնչվեր. «Ամենաբարոյական, կարգին մարդիկ, ովքեր գաղափարական էին, առաջինը հենց նրանք զոհվեցին, բայց եթե նրանք լինեին՝ կպայքարեին այս վիճակի դեմ, ինչպես իսկական մտավորականներ»:



Իսկ մտավորական կոչվելու համար, ըստ Հախվերդյանի, բավարար չէ, որ նա «գալստուկ» կապի, որովհետեւ կապիկին էլ կարելի է կոստյում հագցնել ու խորհրդարան տանել, ընդգծելով, որ խորհրդարանում աշխատող պատգամավորներին էլ բնութագրելու համար ավելի սազական բառ չի ընտրվել, քան «երեսփոխանը», որովհետեւ «երեսները փոխելով՝ մի կուսակցությունից թռչում են մյուս կուսակցություն, իրենց հետաքրքրում է իրենց անձնական շահը, իրենց սուպերմարկետներն ու երթուղայինի գծերը:



Բոլոր կառավարություններն էլ եկան կողոպտելու մեր ժողովրդին»,-նշեց Հախվերդյանն ու հավելեց, որ իզուր է շատերին թվում, թե դուրս ենք եկել «սովետից», որովհետեւ մեր ղեկավարների ուղեղները դեռ սովետական են, իսկ դա նման է նրան, որ ««Մերսեդեսի» մեջ դնես 24-ի մատոռ ու ասես, որ ես «Մերսեդես» եմ, բայց ամենասարսափելին այն է, որ մեր ղեկավարիկները լսում են, թե ռուս ձաձան իրենց ինչ կասի վերեւից: Տեսա՞ք որտեղից ուր եկանք-հասանք. պատճառահետեւանքային կապն անխուսափելի է»:



Հախվերդյանի դիտարկմանը Դավիթ Ամալյանն էլ ավելացրեց իր դիտողությունը, որը կապված է մեր ինքնաճանաչողության ու սեփական դեմք չունենալու հետ. «Մեր անհատները դրսում արժեք են ներկայացնում, բայց երբեք մենք այդ անհատական միասնությունը չենք ունեցել», ինչին հետեւեց Հախվերդյանի արձագանքը: «Միասնություն ո՞նց կարող է լինել, եթե ռուսն է ստեղ նշանակում նախագահ:



Սերժի թագավորության օրոք մեր երկիրը, մշակույթն ավելի քան գորշացավ: Հիմա ավելի գորշ վիճակում ենք, քան Լեւոնի կամ Քոչարյանի օրոք»,- նշեց Հախվերդյանն ու ավելացրեց, որ չի էլ պատրաստվում առաջիկա ընտրություններին գնալ ու քվեարկել, որովհետեւ գիտի, թե հաշվողները ովքեր են: Երկու արվեստագետներն էլ արձանագրեցին, որ թեկուզ կռիվը վերջացել է, բայց պատերազմը դեռ շարունակվում է, ու մեր միջի թշնամին ավելի սարսափելի է, քան թուրքը, որովհետեւ՝ «գիտես, որ թուրքը քո ափաշքյարա թշնամին է, բայց սրանք մեզ թիկունքից են խփում»:



Իսկ դրա ելքն ու պրոբլեմը Հախվերդյանը տեսնում է նաեւ նախագահի մեջ, ով իր շուրջ պետք է հավաքի գոնե իրենից խելոք մարդկանց, բայց եթե «մեր մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն է, մեր շոու-բիզնեսն էլ սենց կծաղկի, իսկ կրթության նախարարն էլ մի մարդ է, որին ժողովուրդը ֆանտոմաս է ասում»: Դավիթ Ամալյանն այս իրավիճակից դուրս գալու իր ելքն առաջարկեց՝ մշակութային հեղափոխություն անել:



Վերջում Հախվերդյանը հորդորեց իշխանավորներին չվախենալ իրենց մտքերից, որովհետեւ «էս ամենը, ինչ որ ասում ենք, արդեն իրենից որեւէ ուժ չի ներկայացնում՝ ոնց որ փուշը հանած մեղու»: