Զորավարի ծիրանենին (պատմվածք)

Զորավարի ծիրանենին (պատմվածք)
Մեր գյուղում մի ծերունի է ապրել, անունը` Մկրտիչ: Ես նրան չեմ տեսել, նրա պատմածները չեմ լսել: Սակայն համագյուղացիներն այնքան են պատմել նրա մասին, որ հիմա ինձ թվում է, թե այդ ծերունին` իր զինվորական հնամաշ շինելով, վերնաշապիկի վերին ձախ մասում կախված ոսկե խաչով եւ ծերունական անաղարտ ու բարի մաքրությամբ, նստած է իմ առջեւ:



Մկրտիչը (գյուղում նրան Մգրե են ասել) ապրել է 90 տարի ու երբեք չի ամուսնացել: Մգրեն մի ծոցատետր է ունեցել, որի մեջ գրված են եղել իր զինակից ընկերների անունները: Նա Անդրանիկի զինվորն է եղել: Աստծու կողմից ընծայված իր երկար-երկար կյանքն ապրել է` սրտում ու մտքում պահելով քաղցր հիշողություններ Սպիտակ ձիավորի մասին: Հիշողությունների վրա ոչինչ չի ավելացրել, բարեբախտաբար, նաեւ չի պակասեցրել պատկառելի տարիքի պատճառով:



Մեր գյուղը ծվարած է Արագածի հարավային փեշերին: Այն հիմնել են Էրգրից գաղթած մի քանի շինական ընտանիքներ: Հիմնել են, հիմնաքարեր դրել հավերժության համար, սակայն մտքի ծայրով քրքրել են հիշողություններն իրենց կորուսյալ երկրի մասին, աչքի պոչով նայել աստվածաշնչյան լեռանն ու հառաչել. «Անիրա′վ աշխարհ…»



Այստեղ սերունդներ են ծնվել, լսել Մգրեի պատմությունները Զորավարի մասին ու այդպես մեծացել: Լսել են հազար անգամ եւ էլի են ուզեցել լսել:



Պատմում են, թե ծանրաքայլ, շինելակիր ու խաչակիր Մգրեն ամեն օր իջել է գյուղամեջ, եւ ամեն օր նրա շուրջն են հավաքվել գյուղի ծուռ ու խելոք տղեկներն ու հարցրել.



-Քեռի′ Մգրե, ճի՞շտ է, որ Զորավարի մարմնի մեջ գնդակ չէր մտնում:



-Ճի′շտ է, լաո′, ճի′շտ է,- հավատացրել է նրանց նախկին հայդուկը,- ամեն կռվից հետո Զորավարը մարմինը թափ էր տալիս, ու շորերի վրայից բուռ-բուռ փամփուշտ էր զրնգում գետնին:



Երեխաները միշտ զարմացել ու միշտ հավատացել են, հետո էլի են հարցրել: Հետո երեխաները թախանձագին խնդրել են.



-Քեռի′ Մգրե, մեզ էլ գրի Անդրանիկի զինվոր:



Քեռի Մգրեն հանդիմանել է.



-Մեծանաք` հետո, հիմա  պիտի ուսում առնեք:



Եվ այսպես, ամեն Աստծու օր քեռի Մգրեն, գյուղամիջում նստած, Անդրանիկի զորքին զինվորացու է հավաքագրել: Իր խունացած ծոցատետրում զինակից ընկերների կողքին ավելացրել է նոր սերունդներ: Հենց այնպես ոչ ոքի չի հավաքագրել: Ուսումնասիրել է յուրաքանչյուրի խելքի ուժն ու շնորհքը, հետո` անդամագրել:



Մեր գյուղի կենտրոնում մի հսկայական ծիրանենի կա. Զորավարի ծիրանենի են անվանում: Մգրեն է տնկել` ի հիշատակ Սպիտակ ձիավորի:



-Էս ծառը զորավարն է,- ասել է նախկին հայդուկը,- ծառի տերեւներն ու պտուղները Զորավարի զինակիցներն են, որ ամեն գարուն հանդիպում են, ամեն աշուն` բաժանվում: Քանի զորավարը հայրենիք չի վերադարձել, տերեւներն ու պտուղները կբաժանվեն ծառից, երբ վերադառնա, ծառը մշտադալար կդառնա:



Վաղուց մահացել է Զորավարի զինակից հայդուկ Մգրեն: Մեր գյուղում ծուռ ու խելոք տղեկները էլ չեն լսում Զորավարի պատմությունները Մգրեի շուրթերից, բայց տղեկների արյան մեջ նախախնամության վերին ուժով գոյանում է այն, ինչը մարմինը դարձնում է անխոցելի հին ու նոր թշնամու գնդակից:



Մեր գյուղի կենտրոնում հպարտորեն կանգնել է Զորավարի ծիրանենին: Տարիներ առաջ ծառն զգացել էր Զորավարի վերադարձը եւ փետրվարյան տաք օրերին սկսել էր բողբոջել…



Մեր գյուղի գերեզմանոցում է թաղված Մգրեն: Ասում են` այն գիշեր, երբ Զորավարը վերադառնում էր հայրենիք, գերեզմանից մի երանելի ձայն է լսվել: Ասում են` հայդուկ Մգրեի ձայնն է եղել, ասել է. «Բարո′վ եկար, Շապինանդ»:



Ու այդ պահին գյուղի կենտրոնում ծաղկել է հաստաբուն ծիրանենին:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ