Ազատության գինը (էսսե)

Ազատության գինը (էսսե)
Լուսաբաց էր: Սովորական լուսաբաց, բայց ոչ այս բանտարկյալի համար: Ժամերն անցնում էին ծանր ու տաղտկալի: Եվ ահա, արդեն կեսօր է: Դրսում արեւը շողում է իր ողջ ուժով եւ ջերմությամբ, բայց նրա շողերն անզոր են թափանցելու այս մութ  ու խոնավ խուցը: Խավար է նաեւ բանտարկյալի սրտում: Շուտով կլսվեն պահապան զինվորի ոտնաձայները եւ նրան կառաջնորդեն դեպի մահ: Մահ… Ինչ ահարկու է այս բառը: Այն վախ է ներշնչում: Նրա առաջ խոնարհվում են այս աշխարհի հզորները: Մի փոքր բառ, որի ետեւում թաքնված է անհայտ հավիտենականությունը… Լռության մեջ մերթընդմերթ լսվում է շղթաների ձայնը, որը կարծես մահազանգ լինի:



Սպասման ծանր րոպեների ընթացքում նրա աչքի առաջ է գալիս ամբողջ կյանքը: Ահա նա մանուկ է եւ անհոգ վազվզում է ընկերների հետ:



Պատանեկության տարիներ…Նա հիշում է ժողովարանը, որտեղ Աստծո օրենքն էր լսում եւ մտաբերում իմաստուն խրատը. «Որդյա′կս, խռովարարների հետ մի′ ընկերացիր»:



Ահա նա արդեն երիտասարդ է: Ի՞նչը նրան դրդեց միանալ խռովարարների խմբին եւ մարդ սպանել: Նրա ականջին դեռ հնչում է անօգնական ընկածի ձայնը, որն աղերսում է խնայել: Բայց…Նորից ու նորից նրա աչքի առաջ է գալիս սարսափելի տեսարանը` շողում է դաշույնը եւ անգթորեն մխրճվում ընկածի կուրծքը:Արդյոք նա երբեւիցե կազատվի՞ խղճի խայթից: Նրա մտքերը փոխվում են խոսքերի. «Սա էր կյանքը: Այսքան կարճ, այսքան անիմաստ: Օ, Տե′ր Աստված, եթե ինձ մեկ անգամ էլ հնարավորություն տրվեր ապրելու, մի՞թե ես այսպես կապրեի: Բայց արդեն ուշ է: Ես վաստակել եմ մահը»:



Եվ նորից սպասման ծանր րոպեներ: Լսվում են մոտեցող ոտնաձայներ, եւ նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել: Ճռճռալով բացվում է ծանր երկաթե դուռը եւ երեւում է պահապանի կերպարանքը. Դու′րս արի: Դու ազատ ես: Ահա Պիղատոսի հրամանը: Քո փոխարեն նա որոշեց Հիսուս անունով արդարին խաչել: Հիմա դու կյանք ունես, բայց քո ամբողջ կյանքով պարտական ես այդ Հիսուսին: Գնա եւ տես քո Փրկչին, եթե կուզես: Խաչելությունը կլինի քիչ հետո Գողգոթա վայրում:



Նա դուրս վազեց եւ ուղղվեց դեպի Գողգոթա: Ուզում էր րոպե առաջ տեսնել իր Փրկչին: Ինչո՞վ կարող էր փոխհատուցել Նրան: Միայն կյանքով: Մի՞թե արդեն Նրան խաչել են: Ոտքերը հազիվհազ քարշ տալով` նա մոտեցավ: Տեսավ երեք խաչ: Երկու ընկերներին խաչել էին: Ինչ-որ բան նրան ուղղեց դեպի մեջտեղի Խաչյալը: Դողացող ոտքերով մոտեցավ Նրան: Խաչյալը նայեց ուղիղ աչքերի մեջ: Նրա աչքերում այնքան սեր եւ գթություն կար, որ միանգամից անհետացավ ծանր բեռը:



-Բարրա′բա, Ես եկել եմ գերիներին ազատություն եւ կապյալներին արձակում տալու,- ասում էին Նրա աչքերը,- հիմա դու ազատ ես:



Բարրաբան ընկավ ծնկների վրա եւ գոչեց.



- Տե′ր, ես ազատ եմ, բայց հավիտյան Քո գերին եմ: Իմ կյանքը Քեզ է պատկանում:



Նա բոլորի համար մեռավ, որ կենդանի լինողները այլեւս ոչ-թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ Նրա, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ:

Բ Կոր.5:15



Արամ ՄՈՒՇԵՂՅԱՆ