Հույսերի ժամանակը

Հույսերի ժամանակը
Այո, համաներումն իրավիճակ փոխեց Հայաստանում: Մթնոլորտը լիցքաթափվեց, մարդիկ սկսեցին ժպտալ, ինչ-որ հույսեր արթնացան: Եթե ոմանք այդ հույսերը կապում են բանտերից դուրս եկած մարդկանց հետ, ապա մյուսները հուսավառված են, որ մեզանում էլ կարող է հասարակության պահանջներին ընդառաջող իշխանություն լինել: Եվ իշխանավորի կերպարը բոլորովին պարտադիր չէ, որ նույնացվի սադիզմի, դաժանության, արյուն թափելու ու «թքածը չլիզելու» վայրի պահվածքի հետ: Այլ հույսեր էլ կան այսօր Հայաստանում՝ ասենք, իշխանություն-ընդդիմություն համագործակցության հույսեր: Այս խմբին թվում է, թե մեր միասնության մեջ է մեր փրկությունը, եւ այդ «միասնությունը» հենց քաղաքական պայքարի բացակայությունն է ու սովետական համերաշխությունը: Թե ինչպես կարող էին Կրեմլում նստող ճարպակալած պալիտբյուրոն եւ Համզաչիմանում ապրող չարքաշ կոլխոզնիկն իրար հետ համերաշխ լինել, սովետական պրոպագանդան չէր բացատրում՝ պետք է եւ վերջ: Բայց այսօր կա նաեւ արտահերթ ընտրություններին ու պայքարի հաղթական ավարտին հավատացողների մի խավ, որոնց հույսը պայքարի շարունակականությունն է ու մեր չլավացող կյանքը: Մարդիկ կարճ ժամանակ հետո կհամոզվեն, որ ոչինչ չի փոխվում, եւ կշարունակեն պահանջել իշխանափոխություն, ասում են նրանք: Այս խումբը հեղափոխության անձնվեր մարտիկների խումբն է, որոնք ձեռքները չեն ծալի՝ ինչ էլ պատահի, եւ երբեք չեն հավատա իշխանություն-ընդդիմություն համագործակցության հավանականությանը: Թե այս խմբերից որ մեկն ավելի կենսունակ կլինի եւ կպարտադրի իր կամքը, կերեւա մոտ ապագայում: Այսօր այդ առումով վճռորոշ օր է՝ երկար սպասված հանրահավաքը կամ կազդարարի ամառային հանգստի շրջան, կամ՝ նոր պայքարի սկիզբ: Սպասենք իրադարձությունների զարգացմանը: