Բարդ իրավիճակ

Բարդ իրավիճակ
Լեւոն Տեր-Պետրոսյանի ավանդաբար խաղաղ ու սրամիտ խոսքը երեկ աչքի էր ընկնում ջղաձիգ նոտաներով: Գուցե պատճառը հանրահավաքի մասնակիցների նոսրացած շարքե՞րն էին: Գուցե երկխոսության հազիվհազ սաղմնավորվող գործընթացի անսպասելի տապալո՞ւմը: Իսկ գուցե ՀՀ առաջին նախագահը պարզապես իր գլխավորած շարժման կամ ընդհանրապես մեր երկրի հեռանկա՞րը չի տեսնում: Մեզանում ոչ արմատական փոփոխությունների ճանապարհն է հեշտ ստացվում, ոչ դանդաղ, ներսից ընթացող բարեփոխումների: Ինչպե՞ս հայ ժողովրդին հանել իր մի քանի հազարամյա թմբիրից, ստիպել, որ պայքարի, շարժվի, առաջ ընթանա: Ինչպե՞ս ստիպել, որ իրենց աթոռներից կառչած ու ընտրակեղծիքներով շարունակ վերարտադրվող իշխանավորները չթալանեն, այլ աշխատեն, մտածեն, երկրի զարգացմանը նպաստեն, այլ ոչ թե արգելակեն այն: Արդյո՞ք ընդդիմության առաջնորդը, որքան էլ խելոք, հեռատես ու պրագմատիկ լինի, կարող է ելք գտնել այս ոչ դյուրին իրավիճակից: Որ ոչ հեղափոխական զանգվածներն իրենից ու շարժումից հիասթափվեն: Ոչ իշխանության հետ բանակցությունների հնարավորությունն իսպառ սպառված լինի: Ոչ իր թիմակիցները նոր առաջնորդի խնդիր բարձրացնեն: Եվ, միեւնույն ժամանակ, Կոնգրեսը շարունակի զբաղեցնել արմատական ընդդիմության նիշան՝ իր տեղը չզիջելով ոչ մի այլ ուժի: Այս պարագայում անգամ օգոստոսի 1-ին հայտարարված հաջորդ հանրահավաքը փրկություն չէ՝ ամառը Հայաստանում քաղաքական անշարժության սեզոն է, եւ այդ ավանդույթը փոխել հնարավոր չէ: Այնպես որ, այն պետք է ռացիոնալ օգտագործել՝ աշնանային ու ձմեռային մարտավարությունը որոշելու եւ հստակ գործողությունների ծրագիր մշակելու համար: Եվս մի այսպիսի անասելիք հանրահավաքը բավական կլինի, որ Տեր-Պետրոսյանի էպոխան մարդիկ համարեն ավարտված: