Վերադարձրեք 4 որմնանկարները կամ տվեք Զվարթնոցի կեսը

Վերադարձրեք 4 որմնանկարները կամ տվեք Զվարթնոցի կեսը
Երեկ կառավարության նիստում որոշվել է Մինաս Ավետիսյանի որմնանկարներից երկուսը՝ «Հայկական հովվերգություն» եւ «Գորգ են գործում», վերականգնել եւ թողնել Գյումրիում: Որմնանկարները կվերականգնվեն Գյումրիի քաղաքապետարանի եւ «ԱԳ եւ ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ-ի միջոցներով:



Վերականգնվելուց հետո «Հայկական հովվերգությունը» կախվելու է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց նիստերի դահլիճում, իսկ «Գորգ են գործում» որմնանկարը՝ Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ներառված շենքի սրահում:



Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ իբրեւ թե լավության կարգի այս քայլը ոչինչ չի նշանակում, որովհետեւ շարունակել եւ շարունակելու են պահանջել Գյումրի վերադարձնել Երեւան տեղափոխված 4 որմնանկարները:



Ավելին, ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունիսի 29-ին, իրենք՝ 25 հասարակական կազմակերպություններ, որմնանկարները վերադարձնելու  պահանջով նամակ են գրել Տիգրան Սարգսյանին եւ Էռնեկյանին, նամակին կցելով նաեւ 8 հազարից ավելի գյումրեցիների ստորագրությունները.



«Նամակում ասվում է, որ այդ որմնանկարները գյումրեցիների սեփականությունն են, բայց գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ նենգափոխում են հարցի էությունը՝ ասելով, թե փրկում ենք: Բայց փրկող էիք՝ տեղում փրկեիք, հիմա ես էլ ուզում եմ Զվարթնոցը փրկել, կարելի՞ է տանել Գյումրիում փրկել»:



Չնայած օրենքով նախատեսված է, որ մեկ ամսվա ընթացքում պաշտոնյան պետք է պատասխանի նամակին, բայց մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել.



«Մեր պահանջը մնում է նույնը՝ վերադարձնել 4 որմնանկարները: Պատվի ու արժանապատվության հարց է: Ես ու իմ ընկերներն ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրանք երբեւէ վերադառնան Գյումրի քաղաք: Հարցը ժամանակի մեջ է: Այս իշխանությունը գլխի կընկնի, որ սխալ է արել. կվերադարձնի՝ շատ լավ, եթե չէ՝ իշխանությունը պետք է փոխենք, որ հաջորդը վերադարձնի: Մենք 4-ն ենք ուզում, կամ էլ Զվարթնոցի կեսը տվեք տանենք»:



Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ քանի որ իշխանությունը ժողովրդից չէ, ապա վերջինս ժողովրդի մասին չի էլ մտածում, բայց արժե մտածել դրա հետեւանքների մասին, որովհետեւ Գյումրիում հաջորդ ընտրությունների ժամանակ չնչին քվեներ են ունենալու, ու դա մեծամասամբ որմնանկարների պատճառով.



«Ես կոչ եմ արել ու կոչ եմ անելու, որ գյումրեցիները որեւէ քվե չտան իշխանություն կազմող կոալիցիայի կուսակցություններին, որովհետեւ սա տանող իշխանություն է, բերող իշխանություն չէ»: