Աննախադեպ խայտառակ վճիռ` ընդդեմ լույս չտեսնող օրաթերթի

Աննախադեպ խայտառակ վճիռ` ընդդեմ լույս չտեսնող օրաթերթի






Սեպտեմբերի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն աննախադեպ խայտառակ վճիռ է կայացրել` ընդդեմ ավելի քան 1 տարի լույս չտեսնող «Հայք» օրաթերթի:



Դատարանը բավարարել  է Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանի հայցն` ընդդեմ «Հայք» օրաթերթի խմբագրության եւ նախկինում այդ թերթի, (այժմ` « lragir.am» կայքի եւ «Ժողովուրդ» օրաթերթի) թղթակից Արման Գալոյանի: Որպես երկրոդ պատասխանող էր ճանաչվել էր լրագրողի տեղեկատվության աղբյուրը` Սվետլանա Առաքելյանը, որն էլ հարցազրույց էր տվել թերթին` իր ամուսնու սպանության վերաբերյալ:



Դատարանը ապացուցված է համարել, որ հոդվածում Սվետլանա Առաքելյանի տրամադրած տեղեկատվության բառացի շարադրանքն է զետեղվել հոդվածում, մեջբերվել որպես ուրիշի ուղղակի խոսք` չակերտների մեջ: Ու քանի որ հոդվածում առկա է հղում սկզբնաղբյուրին, պատասխանատվությունը կրում է ոչ թե լրագրող Արման Գալոյանը, այլ սկզբնաղբյուրը: Եվ դատարանը պարտավորեցրել է Սվետլանա Առաքելյանին հերքել «Հայք» օրաթերթի 2008 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակված  «Սպանության հետքերով» հոդվածում հայտնած տեղեկությունները` նույն «Հայք» թերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո` հերքում խորագրի ներքո:



Դատավոր Կարինե Պետրոսյանի կայացրած վճռի վերաբերյալ հարկ եմ համարում հայտարարել հետեւյալը. խեղկատակություն է ոչ միայն կայացված դատական ակտը, այլ նաեւ` դատական ողջ գործընթացը:



Եթե դատավորն իրեն նեղություն տար ու կարդար «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, ապա ի սկզբանե հայցը չէր ընդունի վարույթ: ՀՀ Զանգվածային Լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի համաձայն` «Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի համաձայն` «հայցի պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ»:



Տվյալ դեպքում ԶԼ մասին օրենքով սահմանվել է հերքման պահանջը ներկայացնելու 1-ամսյա ժամկետ` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը: «Հայք» օրաթերթում իմ հոդվածը լույս է տեսել 2008թ փետրվարի 8-ին, իսկ դատարան հայցադիմումը ներկայացվել է 2010 թ. օգոստոսին: Սա արդեն բավարար հիմք էր` հայցադիմումն ընդհանրապես վարույթ չընդունելու համար: Սակայն դատավորը անտեսել է օրենքի այս դրույթը: Օգտվելով Քաղ.դատ.օր-ի համապատասխան հոդվածից` ես չեմ մասնակցել դատաքննությանը: Ողջ գործընթացը համարել եմ ապօրինի ու չեմ ցանկացել լեգիտիմացնել կամ իմ գործողություններով օրինականացնել ապօրինությունները:



Ուշադրություն եմ հրավիրում  այն փաստի վրա, որ 2010 հուլիսից դադարեցվել է «Հայք» օրաթերթի տպագրությունը, մինչդեռ` դատարանը վճռել է, որ Սվետլաննա Առաքելայնը հերքումը պետք է տպագրի «Հայք» օրաթերում` «հերքում» խորագրի ներքո:



Այս ամենը հիմք է  տալիս ենթադրելու, որ գործ ունենք կամ` քաղաքական հետապնդման, կամ`միտումնավոր անգրագիտության հետ: Առավել եւս, որ հայցվորի ընտանիքն ազգակցական կապ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:



Այս առումով հրավիրում  եմ իրավապաշտպան լրագրողական կազմակերպությունների եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը:



Արման Գալոյան