4:0՝ պարտվողը ես չեմ, այլ աշակերտը

4:0՝ պարտվողը ես չեմ, այլ աշակերտը
Այս տարի, որպես հեղինակ, մասնակցել եմ երկրաչափություն առարկայի 7, 8, 9-րդ դասարանների դասագրքերի մրցույթին: Կրթության նախարարության կողմից կազմակերպված խարդախ գործունեության պատճառով «պարտվել» եմ («Հրապարակ» թերթ, 19.06.2011, 23.06.2011): Այս հարցով դիմել եմ հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին: Նրանք ինձ պատասխանել են՝ «Ձեր դիմումն ուղարկված է կրթության նախարարին», եւ սահմանափակվել դրանով: Հանդիպել եմ կրթության նախարարին:



Նա ինձ պատասխանեց, որ շահել է լավագույն գիրքը, եւ դրանով հարցը համարեց փակված: Ես դիմեցի մարդու իրավունքների պաշտպանին, նա քաղաքակիրթ երկրի ազնիվ մարդուն վայել իր հմտություններով ու կարողություններով զբաղվեց իմ իրավունքների խախտումները բացահայտելու հարցով:



Եթերով եւ լրատվամիջոցներով հանրությանը հայտնի է մարդու իրավունքների պաշտպանի եւ կրթության նախարարի վիճաբանությունը, որի համար իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:



ՄԻՊ ինստիտուտն իմ դիմումի նյութերը երեք ամիս հետազոտելուց հետո ԿԳ նախարարությանը եւ ինձ  պաշտոնական գրություն է ուղարկել:



1. Քաղաքացի Հովհաննես Բարսեղյանի իրավունքների խախտում տեսնել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գործողություններում:



2. Քաղաքացի Հովհաննես Բարսեղյանի իրավունքները վերականգնելու նպատակով առաջարկել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը անվավեր ճանաչել հանրակրթական դպրոցների 7, 8, 9 դասարանների «Երկրաչափություն» առարկայի դասագրքերի 2011 թվականի ապրիլ-մայիս ամիսներին անցկացված մրցույթի արդյունքները:



3. Մարդու իրավունքների նմանատիպ խախտումները հետագայում բացառելու նպատակով առաջարկել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ ապահովել հանրակրթական դպրոցների դասագրքերի կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերի հստակ սահմանումը:



Ստորեւ ներկայացնում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից իմ իրավունքները կոպիտ խախտելու փաստարկումները, որոնցից ոչ մեկը երկրորդական հարց չէ:



4. Չի պահպանվել երեք դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկի 100 տոկոս, 60 տոկոս, 40 տոկոս չափաբաժիններով նախատեսված գնահատման կարգը:



5. Ըստ կանոնակարգի՝ խմբագրական աշխատանքները կատարվում են շահելուց հետո, որովհետեւ դրա համար ծախսվում է ոչ քիչ գումար: Այս պարագայում եւս կա իմ իրավունքների խախտում:



6. Մի քանի առանցքային հարցերի շուրջ ուսուցիչների եւ դասախոսների կարծիքները հակասում են իրար, որի պատճառով արհեստականորեն իջեցվել է իմ գնահատականը: Այս մասին տեղեկացրել եմ կրթության նախարարությանը, բայց նրանք անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել:



7. Ուսուցիչների խումբը «հաղթողի» նկատմամբ ինձ 2 բալով ցածր է գնահատել (հիմնականում խմբագրական աշխատանքների համար), դասախոսների խումբը՝ 15 բալով ցածր: Այդ թվերի միջոցով կարելի է լրիվ եզրակացնել դասախոսների խմբի անմարդկային եւ պետականազուրկ վարքագիծը: Երկու խմբերի ինձ տրված միջին բալը 14.8 է (հաղթելու շեմը 15 բալ է), դասախոսների խմբին հանձնարարական է տրվել, որ հաղթելու շեմը չանցնեմ, այսինքն՝ 0.2 բալի պատճռով պարտվեմ:



8. Մի շարք դիտողությունները պարզաբանելու համար նախարարությունից պահանջել եմ, որ երկխոսություն լինի իմ եւ այդ խմբերի միջեւ, բայց նրանք ինձ մերժել են:



9. Նոր հրատարակված գիրքը համեմատեք նախորդ գրքի հետ, տարբերությունը միայն 15 էջով պակաս լինելն է. հանված է «դժվար խնդիրներ» բաժինը, որը վնաս է հասցնում մաթեմատիկայից տաղանդավոր երեխաների զանգված ստեղծելուն: Բնականաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ ծախսել պետական միջոցները, երբ գոյություն ունեցող հին դասագիրքը միայն վերը նշվածով է տարբերվում նորից:



10. Մրցույթին իմ ներկայացրած երեք դասագրքերում հանձնաժողովները չեն նշել մասնագիտական որեւէ կոպիտ սխալ: Այնինչ «շահող» գրքերից միայն ու միայն 7-րդ դասարանի դասագրքում կա յոթ կոպիտ սխալ, ստորեւ ներկայացնեմ դրանք:



ա) Անկյան սահմանումը սխալ է, այն ինչ որ սահմանված է, կոչվում է ոչ թե անկյուն, այլ անկյան եզր (ճիշտ սահմանումը գրված է իմ դասագրքում, ինչպես նաեւ ռուսական այլ գրքերում):



բ) Եթե անկյան երկու կողմերը գտնվում են միեւնույն ուղիղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն (էջ 16): Այս սահմանումով առաջանում է զրոյական, լրիվ եւ փռված անկյուն (ճիշտը կարդացեք իմ գրքում):



գ) Անկյունից եւ նրա ներքին տիրույթից կազմված պատկերը եւս անվանում են անկյուն (անհեթեթություն է):



դ) Դեռ չսահմանված հատվածի երկարությունը գործածվել է AC


ե) Դեռ չսահմանված անկյան աստիճանային մեծությունը գործածվել է < 1<<2 անհավասարությունը, որտեղ <1-ը եւ <2-ը մեծություններ չեն (անհեթեթություն է):



զ) Նշենք մի ուղիղի վրա չգտնվող որեւէ երեք կետ եւ դրանք միացնենք հատվածներով: Ստացվում է երկրաչափական մի պատկեր, որը կոչվում է եռանկյուն (անհեթեթություն է):



է) Շրջանի սահմանումը եւս սխալ է:



11. Արդեն երրորդ տարին է՝ ավագ դպրոցի 10, 11, 12 դասարանների համար թարգմանվել է Շարիգինի հեղինակած գիրքը: Դպրոցների մատյաններում ձեւականորեն գրանցվում է, որ անցնում են այդ գրքով, բայց հիմնականում այն չեն գործածում: Եթե գիրքը ռուսական է, չի նշանակում, որ նա է ամենալավը, այնինչ այդ դասարանների գրքերը եւս ես գրել եմ, բայց…



12. Կրթության նախարարության կողմից մրցույթը կեղծելու պատճառով ինձ հասցվել է նաեւ նյութական վնաս: Այն չկեղծելու դեպքում կստանայի բազում տարիների իմ կատարած աշխատանքի վարձատրությունը (հոնորարը): Բացի դրանից այդ ընթացքում ես գրել եմ նաեւ «Ուսուցչի ձեռնարկ» գիրքը, որի համար ծախսել եմ ոչ քիչ գումար:



13. ՄԻՊ-ի կողմից հիմնավորված կեղծիքներին ԿԳՆ-ն պատասխանել է, որ իրենք աշխատել են ճիշտ, բայց որոշ թերությունները հետագայոմ կշտկեն: Ես դիմել էի նաեւ հանրապետության դատախազությանը. նրանք գործը հանձնեցին Կենտրոն, Նորք-Մարաշ ոստիկանությանը, որոնք եւս պաշտպանեցին կեղծարարներին, եւ դրանով համարվեց գործը փակված:



14. Ուսուցիչների խումբն ինձ գնահատել է 18.5 բալ, դասախոսների խումբը՝ 11 բալ, թարգմանվածինը՝ համապատասխանաբար 20.5 եւ 26 բալ: Ըստ նախարարության կանոնակարգի՝ յուրաքանչյուր մասնագիտական սխալի համար իջեցվում է 1-2 բալ, դիցուք իջեցնենք 1.5 բալ: Ինձ գնահատել են 14.8 բալ, թարգմանվածինը՝ 23.2՝ նկատի ունենալով նշված 7 սխալները, թարգմանվածի գնահատականը կդառնա 23.2-7.1,5=12.7 բալ: Այսպիսով, պարտվողը ես չեմ:



Նկատի ունենալով ՄԻՊ-ի որոշումն ու իմ նոր հիմնավորումները, կրթության նախարարությունից պահանջում եմ հատուցել ինձ պատճառված դրամական վնասը եւ չեղյալ համարել այդ մրցույթը: Հակառակ դեպքում կդիմեմ դատարան:



Հովհաննես Բարսեղյան, դասագրքերի հեղինակ