Ոչ, անիմաստ չէ

Ոչ, անիմաստ չէ
Չկա օր, որ խմբագրություն չդիմեն քաղաքացիներ, որոնք առօրյայում բախվել են բյուրոկրատական պատնեշների, համոզվել, որ արդարության հասնելը մեզանում ամենաբարդ բանն է: Նրանց դժգոհությունների գերակշռող մասը կարելի է այսպես ձեւակերպել՝ «ումից բողոքում ենք, հենց նրան էլ հանձնարարում են զբաղվել մեր հարցով», անկախ նրանից, թե ումից ես բողոքում եւ ում դիմում: Ասենք՝ մարդը գրում է նախարարին, վարչապետին կամ ՀՀ նախագահին եւ բողոքում է, օրինակ, իր բաժնի պետից: Մեկ էլ իմանում է, որ իր բողոքը եկել-հանգրվանել է հենց պետի մոտ, ումից բողոքում էր: Պատկերացնում եք, չէ՞, ինչ ճակատագիր է սպասվում այդ բողոքին եւ բողոքաբերին: Այնպիսի, որ այլեւս երբեք մտքով չանցնի բողոքել: Նմանատիպ իրավիճակում է հայտնվել «Հրապարակը»: Մեր խմբագրության վրա արշաված Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ ոստիկանությունը, ապա դատախազությունը հրաժարվեցին քրեական գործ հարուցել: Մենք ստիպված էինք դիմել դատարան, որ վերջինս պարտադրի քննչական մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ պատժել մեղավորին: Դատարանը բավարարել է մեր պահանջը եւ պարտադրել է ոստիկանությանը քրեական գործ հարուցել: Եվ գիտե՞ք ինչ զավեշտալի վիճակ է ստեղծվել. քրգործը հարուցել է եւ քննում է այն նույն քննիչը, որը ոչ միայն մերժել էր գործի հարուցումը, այլեւ դատարանում անամոթաբար պնդում էր, որ ինքը ճիշտ է արել: Ավելին՝ երբ մենք բացարկ հայտնեցինք վերջինիս, որ նա չի կարող անաչառ քննություն կատարել, մեր բացարկը մերժել է այն նույն դատախազը, որը ժամանակին մերժել էր մեր պահանջը եւ դատարանում հանդես եկել որպես պատասխանող: Մեզ միանգամայն պարզ է, թե ինչ ճակատագիր է ունենալու մեր բողոքը եւ սույն քրգործը, բայց դա չի նշանակում, թե մենք նահանջելու ենք: Նույնը խորհուրդ ենք տալիս ձեզ: