Գնա, չգնա...

Գնա, չգնա...
Մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է՝ ասում է հայկական ասացվածքը: Բայց հայաստանյան իշխանությունները կարծես թե այս ասացվածքին այնքան էլ չեն հավատում: Նրանք նախընտրում են հեռավոր ռուսների բարեկամությունը մոտակա վրացիների հարեւանությունից: Իրենք՝ վրացիներն էլ, անկեղծ ասած, մի տեսակ կարգին հարեւանություն չեն անում. մեկ եկեղեցիների հարցն է կանգնում մեր երկու պետությունների միջեւ, մեկ էլ՝ Այրումի աղետալի սողանքի հետ կապված են անտակտ հայտարարություն անում: Թերեւս դա է պատճառը, որ մեր երկրի ղեկավարը հաճույքով մեկնում է Մոսկվա եւ անսպասելի հրաժարվում Թբիլիսի կատարելիք այցից: Հոկտեմբերի 23-25-ին Մոսկվա կատարած այցից հետո, ըստ Վրաստանի նախագահի մամուլի խոսնակի, Սերժ Սարգսյանը նոյեմբերի սկզբին պետք է լիներ Թբիլիսիում, բայց այցն անսպասելի հանվել է: Ինչո՞ւ: Մամուլը բուռն քննարկում է դրա պատճառները: Հիմնական վարկածն այն է, որ ռուսական իշխանություններն են արգելել: Իհարկե, ՌԴ մի մարզի կարգավիճակում հայտնված Հայաստանի նախագահին դժվար չէր լինի նման կարգադրություն անելը: Ըստ էության, այդ վիճակը մեզանում նոր չէ եւ անսովոր չէ, բայց, կարծում եմ՝ բուն պատճառը կարող է շատ ավելի պարզունակ լինել: Ասենք, սողանքի եւ մեր կառավարման մասին Սահակաշվիլու վերը նշված հայտարարությունը: Դե ո՞ւմ հաճելի կլիներ գնալ մի երկիր, որի ղեկավարը համարում է, որ հայերն իրենից սովորելու շատ բան ունեն: Չէ՞ որ նա հենց այդպես էլ ասել է. «Հայաստանին նման հարց լուծելու համար անհրաժեշտ եղավ 2 շաբաթ», իսկ մեր Ռամազը մի քանի ժամում է նման խնդիրները լուծում՝ «ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ»: Սերժ Սարգսյանը հավանաբար որոշել է պատժել մեծամիտ Սահակաշվիլուն ու պաշտոնական այցից հրաժարվել: