Փոխանցիկ աթոռ

Փոխանցիկ աթոռ
Երկու օր շարունակ շրջանառվող լուրերը՝ Երեւանի քաղաքապետի հրաժարականի մասին, իրականություն դարձան: Ինչո՞ւ «Հրապարակը» ձեռնպահ մնաց այդ տեղեկությունը երեկ հրապարակելու «հաճույքից»: Բանն այն է, որ կարծում էինք, թե Հայաստանում գոնե չնչին չափով գործում են տրամաբանության կանոնները: Առավել եւս՝ պարկեշտության եւ քաղաքական խաղի սկզբունքները, ու հազիվ 10 ամիս աշխատած քաղաքապետը կխուսափի դիմում գրելու, իսկ նրան նշանակած անձինք՝ այն ստորագրելու գայթակղությունից: Ի վերջո, ի՞նչ է պարզվել վերջին օրերին, որ հայտնի չէր 10 ամիս առաջ: Այն, որ Կարեն Կարապետյանը քաղաքական դեմք չէ՝ հայտնի էր: Այն, որ Կարապետյանը միայն գործարկված ու յուղի պես աշխատող համակարգի ղեկավարման փորձ ուներ՝ նույնպես: Առավել եւս պարզ էր, որ նա ընտրական տեխնոլոգիաների մասնագետ չէ, եւ ընտրությունների կազմակերպման (ավելի շուտ՝ կեղծման) հույսեր նրա հետ կապելը միամտություն է: Իրեն՝ Կարապետյանին էլ պետք է պարզ լիներ, որ հեշտ կյանք չի սպասվում: Որ ջուր պղտորողների, տակը փորողների ու ինտրիգներ սարքողների պակաս չի լինելու: Ինչպես չի հաջողելու անել այն ամենը, ինչ որոշել է ու ծրագրել: Իսկ իր նշանակման նախօրյակի պայմանավորվածությունների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մենք՝ հայերս, պայմանավորվածություններ ու հավաստիացումներ սիրող ու հարգող ժողովուրդ չենք: Այնպես որ Կարապետյանը գիտեր ուր է գալիս, եւ ինչ է իրեն սպասվում: 20 տարում Երեւանը 10 քաղաքապետ է փոխել: Եղել են անշուշտ շատ ավելի կարճ պաշտոնավարողներ, բայց այս մեկն աննախադեպ էր: Անսպասելի հեռացնել Գագիկ Բեգլարյանին, անսպասելի բերել Կարեն Կարապետյանին, ապա նույնքան անսպասելի հեռացնել՝ առնվազն ծաղր է հասարակության հասցեին: Ոչնչով չբացատրվող կամայականություն: