Ռեքվիեմ. երկու աշխարհների ճամփաբաժանին

Ռեքվիեմ. երկու աշխարհների ճամփաբաժանին
Հարցազրույց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ



-Սիրելի մաեստրո, շնորհավորում եմ Գերմանիայում Ձեր նոր գործի՝ ռեքվիեմի պրեմիերայի առիթով, որ խոշոր իրադարձություն է: Ձեզ համար ինչպիսի՞ն է ռեքվիեմի նշանակությունը եւ էությունը:



- Աշխարհում քիչ են հեղինակներ, որոնք երկու ռեքվիեմ են գրել, սովորաբար մեկից ավելին չեն գրել: Առհասարակ դա հեղինակների մոտ լինում է ամենահասուն տարիքում՝ իբրեւ ապրված կյանքի հանրագումար: Թեեւ ես էլ եմ ընդունում այս պայմանը, սակայն առայժմ հրաժարվում եմ համարել այն ապրված կյանքի ամփոփում: Այս պահին այն գիտակցությունն ունեմ, որ դա փորձի եւ կարողությունների դրսեւորում է առավելաբար:



- Թվում է՝ ռեքվիեմը ողջ մարդկության վերջերգն է, բայց նաեւ նոր պայթյունի, արարչության սկիզբը, որ պարուրված է ողբերգության, թախծի խոր երանգով:



- Ռեքվիեմի մեջ մտնելը նույն սրբավայր մտնելն է: Երբ ասում ես` «Հավերժական հանգիստ տուր նրանց, Տե՛ր», դու իրոք դիմում ես Տիրոջը` աղերսելով հավերժական հանգիստ նրանց համար: Իմ ռեքվիեմում նրանք հենց Հայոց եղեռնի նահատակներն են, որոնց թվում են իմ մեծ հայրն ու մեծ մայրը…



Իրոք որ ռեքվիեմը երգվում է երկու աշխարհների միջեւ ընկած ճամփաբաժանին եւ ինչքան որ տխուր է, նույնքան էլ վեհ է եւ հանդիսավոր: Այստեղ, ըստ երեւույթին, գոյանում է նաեւ ապրողներիս հոգեմաքրման արարողությունը` ինքնին լուսավոր:



- Կարելի՞ է ասել, որ այս դիսկուրսը՝ տիեզերական անսահմանության հետ, արտացոլվում է, պոկվելով նեղ անձնական տարածությունից:



- Չափի ու կշռի, մակընթացության ու տեղատվության հետ գործ ունեցող յուրաքանչյուր արվեստագետ չի կարող չհայտնվել մի հանգուցակետում, որտեղ իրար են հանդիպում վերեւների թելադրած կշռույթը (ռիթմը) եւ սեփական շնչառությունը, մարմնի շարժումները եւ առհասարակ ընդհանուր այն բոլոր կշռույթները, որ մարդն իր մարմնի մեջ կրում է: Երաժիշտի պարագայում առաջին հերթին դա սեփական շնչառությունն է` անշուշտ: Կարծես թե վերեւների թելադրած կշռույթը եւ քո շնչառությունը նույնանում են: Ըստ երեւույթին, դրա արդյունքում է, որ քո երաժշտության ունկնդիրը, եթե գործդ սիրեց, նույնքան այն իրենն է համարում: Թույլ տուր հիշեցնել քեզ, որ մենք բոլորս տիեզերքի բնակիչներ ենք (ժպտում է): Այս կարգի բաների մասին արվեստի մարդկանցից շատերն են խոսել:



- Ինչպե՞ս գրվեց ռեքվիեմը: Այն արարելու ընթացքն առանձնանո՞ւմ էր իր յուրահատկությամբ:



- Անշուշտ առանձնանում էր: Ես իրեն հետապնդել եմ տասը տարուց ավելի: Երեք անգամ տարբեր ռեքվիեմներ եմ սկսել եւ դեն նետել, բայց, բարեբախտաբար, այս մեկն սկսեցի եւ ավարտին հասցրեցի: Այս ավարտի մասն են կազմում նաեւ ռեքվիեմի չորս կատարումները, որ տեղի ունեցան Գերմանիայի տարբեր քաղաքներում:



- Ինչո՞ւ հենց Գերմանիայում: Ռեքվիեմն ինչպե՞ս ընդունվեց գերմանացի դժվարահաճ ունկնդրի կողմից:



- Այս գործը գրելու պատվերը դեռ երկու տարի առաջ ինձ տվեցին գերմանական երկու երաժշտական խմբեր՝ Բեռլինի «ՌԻԱՍ» երգչախումբը եւ Մյունխենի կամերային նվագախումբը: Հենց երկու տարի առաջ էլ ծրագրավորված էր համերգների այս շարքը, որ տեղի ունեցան մի քանի օր առաջ: Նախ ասեմ, որ համերգի բոլոր տոմսերն օրեր առաջ սպառվել էին: Բոլոր չորս համերգների սրահները լեփ-լեցուն էին: Մյունխենի համերգին, կատարումից հետո, ես բարձրացա բեմ՝ գլուխ տալու: Ծափերի աղմուկը մեծ էր, բայց ես դահլիճը տեսնելու կարողություն չունեցա, քանի որ լույսն աչքերիս էր խփում: Ընդմիջմանը դահլիճում գտնվող իմ մտերիմներն ասացին, որ դահլիճը հոտնկայս էր ծափահարում: Կարծեմ թե ինքնագովության այս քանակը բավական է: Եթե կարճ ասենք` գերմանացի ունկնդիրը լավ գնահատեց իմ ռեքվիեմը, որի համար շնորհակալ եմ թե՛ կատարողներին, թե՛ համերգը կազմակերպող բոլոր օղակներին, նաեւ ունկնդրի սրտակցությանը: Հույս ունեմ, որ երաժշտական այս մեծ խմբերի հետ իմ աշխատանքը շարունակություն կունենա: Մյունխենի կամերային նվագախմբի հետ մենք տարիների լավ բարեկամություն ունենք: Շուրջ տասը տարի է՝ նրանք իմ երաժշտությունն են նվագում: Մի քանի տարի առաջ Մյունխենի նշանավոր «Պինակոտեկի» դահլիճում այս նվագախմբի կատարմամբ եղավ իմ հեղինակային համերգը:  «ՌԻԱՍ»-աշխարհի լավագույն երգչախմբերից է, եւ ես միայն կարող էի երազել նրանց հետ աշխատակցելու համար: Հիմա մենք լավ բարեկամներ ենք` հետագա համագործակցության մեջ գտնվելու աստիճան:



- Ինչո՞ւ որոշեցիք ռեքվիեմում լատիներեն տեքստին դիմել:



- Գոյություն ունեն ռեքվիեմներ, որոնց հիմքում ընկած չէ լատինական այս կանոնական տեքստը: Իմ ցանկությունն է եղել մնալ կանոնական տեքստի շրջանակներում: Եթե լատիներեն «ռեքվիեմ» առաջին բառն ասել ենք, ճիշտը սրան հետեւող մնացած բոլոր բառերը երգելն է: Սա կանոնական տեքստ է եւ երգվում է շուրջ 5-6 դար: Այսօր այս տեքստը ինչքան որ կաթոլիկ եկեղեցունն է, նույնքան էլ համընդհանուր մշակութային իրողություն-արժեք է: Իմ մեծ ցանկությունն է եղել մտնել մշակութային ավանդույթների  այս հսկայածավալ դաշտը՝ երգելու այն տեքստը, որ երգել են Պալեստրինայից մինչեւ Մոցարտ, Վերդի, Օռլանդո Դիլասոյից մինչեւ Ֆորե եւ Ստրավինսկի: Այս մեծ ընտանիքը մտնելով` կարող եմ ասել, որ իմ ռեքվիեմի երաժշտական մտածողությունը սերում է միջնադարյան մեր հոգեւոր տաղերգությունից, ժողովրդական երգերից` Կոմիտասից: Լատիներենի եւ հայ մելոսի այս զուգորդումից ծնված ռեքվիեմը կարող է երգել թե՛ իտալացին, թե՛ ռուսը, գերմանացին, ֆրանսիացին…



Կարծում եմ՝ մենք պե՛տք է ունենայինք այս ռեքվիեմը: 2015-ին պատրաստ պետք է լինեինք՝ ֆրանսիացի կամ գերմանացի դիրիժորի առջեւ դնելու այս պարտիտուրը: