Բացօթյա նկարչության ավանդույթը վերականգնվում է

Բացօթյա նկարչության ավանդույթը վերականգնվում է
Երեկ, «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի շրջանակներում, Նկարիչների միությունում բացվեց «Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները» գեղանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին մոտ 28 գեղանկարիչների Lոռվա բնապատկերներ:



Ցուցահանդեսն իր տեսակով դարձել է շարունակական, տարվա ընթացքում նմանատիպ մի քանի ցուցահանդեսներ են կազմակերպվել Գյումրիում, Սյունիքում, Լոռիում, վերջինն էլ` Դեբեդի հովտում: Կազմակերպիչներն են ՀՀ նկարիչների միությունը, Լոռու, Տավուշի մարզպետարանները, «Փյունիկ» հիմնադրամը եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:



Ցուցահանդեսի մասնակից գեղանկարիչ Սամվել Խաչատրյանը նշեց, որ նախաձեռնած ցուցահանդեսները բացառիկ են նաեւ իրենց կազմակերպման սկզբունքով, որովհետեւ հովանավորների շնորհիվ, բացի նրանից, որ նկարիչները մոտ մեկ շաբաթ հնարավորություն են ունենում գտնվել բնության գրկում եւ հենց այդտեղ էլ նկարել, նաեւ շփվում են իրար հետ: Նկարիչների լոռեցի լինելը պարտադիր պայման չի եղել ցուցահանդեսին ընդգրկվելու եւ մասնակցելու համար. ցուցահանդեսին մասնակցած 28 նկարիչներից միայն մի քանիսն են լոռեցի, պարտադիր չի եղել նաեւ Նկարիչների միության անդամ լինելը:



Ինչպես նշեց Սամվել Խաչատրյանը, բացօթյա նկարչության այս ավանդույթը 1952-53 թթ. առաջինը նախաձեռնել ու կազմակերպել է Մարտիրոս Սարյանը, բայց ժամանակի ընթացքում այն կորավ. «Ընդամենը մեկ տարի առաջ այս նախաձեռնության միջոցով ավանդույթը կարծես նորից վերածնվեց: Վերջին մեկ տարին նմանօրինակ բացօթյա նկարչության մի քանի ձեռնարկներ են կազմակերպվել»:



Նկարիչը նշեց, որ միասնական աշխատանքի ընթացքում ամենալավն այն է, որ հետո նկարիչները շարում են իրենց նկարները եւ գնահատում միմյանց աշխատանքները, ինչն ավելի շատ օգնում է, քան վնասում, իսկ նախանձի կամ չուզողության մասին ոչ մի խոսք: Սամվելը նշեց, որ այդ այցելությունների ընթացքում ամենաշատը ցավ է ապրում պատմամշակութային մեր հուշարձանների անմխիթար վիճակից. «Շատ անմխիթար վիճակ է, Լոռիում Սեդմի կոչվող առանց գմբեթի եկեղեցի կա, որի տանիքին ծառեր են աճել, ու հիմա դրանք դարձել են գետնի վրա աճած ծառերին հավասար՝ չհաշված եկեղեցու պատերին փորագրած տարբեր գրություններ»:



Հայաստանյան բնաշխարհի այս ցուցադրությունները հետո վերադառնում եւ հյուրընկալվում են նույն քաղաքներում, իսկ ամենահաճելին, ըստ նկարչի, այն է, որ իրենց բնաշխարհի նկարները մարդիկ տեսնելով՝ հետո ցանկություն են հայտնում դրանք ձեռք բերել: