Փոքրիկ հույսեր

Փոքրիկ հույսեր
Ռուսաստանում կիրակի օրը կայացած ընտրություններն ուշագրավ եզրահանգումների տեղիք տվեցին: Մի կողմից՝ ռուսական իշխանությունը չի փոխվում: Նա առանձնապես սեթեւեթելու, նորմալ ընտրություններ կազմակերպելու խնդիր չունի՝ ոչ միջազգային հանրության առաջ է ուզում ժողովրդավար երեւալ, ոչ էլ իր հասարակության: Այնպես որ այս ընտրությունները ներկայացրին Ռուսաստան մեծ պետության իրական վիճակը: Իսկ պատկերն այսպիսին է. իշխանական կուսակցություն՝ գումարած կոմունիստներ, որոնք գրեթե կրկնապատկեցին իրենց ներկայությունը Դումայում, գումարած հոգեկան հավասարակշռությամբ աչքի չընկնող Ժիրինովսկի: Ընդդիմության իսպառ բացակայությունը Պետդումայում այս էլ որերորդ տարին խոսում է այն մասին, որ ռուսական հասարակությունն արագ տեմպերով գլորվում է դեպի անցյալ: Դեպի միակուսակցական, միահեծան իշխանություն: Պատահական չէ, որ այս երկրում է ծնունդ առել ու 70 տարի ծաղկել կոմունիստական հասարակարգը: Հասարակարգ, որը չգիտեր ինչ է «ընտրություն» հասկացությունը, որտեղ անձի պաշտամունք կոչվող ահասարսուռ երեւույթ է եղել, որտեղ գենսեկներն իշխում էին մինչեւ մահ-գերեզման, որտեղ համահարթեցում էր ու միակարծություն: Սակայն դեկտեմբերի 4-ի ընտրություններում այնուամենայնիվ կա նաեւ հուսադրող բան. այդ նույն «Եդինայա Ռոսիա» կուսակցության մանդատների 15 տոկոս նվազումը՝ նախորդ ընտրությունների համեմատ, վկայում է այն մասին, որ ամեն ինչ կորած չէ, որ ռուսական ինտելիգենցիան իսպառ չի վերացել, եւ հասարակության մեջ կան խմորումներ, որոնք ի վերջո արդյունք են տալու: Այն, որ մարդկանց մի մեծ խումբ, որպես ընդվզումի նշան, պարզապես բոյկոտել են ընտրությունները եւ չեն գնացել քվեարկության՝ պայքարի առաջին քայլն է: Հաջորդը կլինի նախագահի ընտրության ժամանակ: