Կարեւորը պրոցեսն է

Կարեւորը պրոցեսն է
Երեկ ողջ հայության ուշադրության կենտրոնում Ֆրանսիայի Սենատն էր ու այնտեղ ընթացող քննարկումը: Կընդունի՞ արդյոք ֆրանսիական խորհրդարանը Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, թե՞ ոչ: Ողջ օրն ուղիղ եթերում եւ օն-լայն լրատվամիջոցներով մենք հետեւում էինք Սենատի նիստին, ոգեւորվում հայամետ ելույթներով, զայրանում հակահայ խոսքից, շունչներս պահած հետեւում նիստի ընթացքին, հաշվում թեր ու դեմ կողմերը: Նիստին սրտատրոփ հետեւող բարեկամներիցս մեկն այն մանուկի նման, որը բացականչեց՝ արքան մերկ է, հանկարծ հարց է հնչեցնում. «Իսկ ի՞նչ է տալու մեզ այս օրինագծի ընդունումը»: Փորձում եմ բացատրել, որ ամեն ինչ չէ, որ պետք է ընկալել պրագմատիկ շահի տեսանկյունից: Որ կան քայլեր ու հանգամանքներ, որոնք նկատելի ու կոնկրետ շահ չեն բերում, սակայն էմոցիոնալ ու հոգեբանական առումով վճռորոշ են, սկզբունքային, հայի նկարագրի ու էության համար կարեւոր: Ի վերջո, ցեղասպանության թեման այն ցավոտ ու անանց թեմաներից է, որ միշտ հայի հոգու խորքերից է գալիս, նրա սրտի նուրբ լարերին է դիպչում, նրան զրկում իրատեսությունից ու գործնականությունից: Եվ դա հատկապես զգացնել է տալիս Սփյուռքում, որտեղ հայ մնալու, ազգային ինքնությունը պահպանելու գրեթե միակ ձեւը նման օրինագծերի ընդունմանն աջակցելն է եւ դրանց շուրջ ծավալվող իրադարձություններին մասնակցելը: Երբ ֆրանսահայը պաստառը ձեռքին կանգնում է Սենատի առջեւ ու իր զավակներին փոխանցում հայոց պատմության այս էջի խորհուրդը, նա իրեն հայ ժողովրդի մասնիկն է զգում՝ հպարտ իր ծագումով, վստահ իր պետության ապագայի հանդեպ, համոզված, որ իր զավակներն էլ հայ են մեծանալու: Եվ սա այն դեպքերից է, երբ ոչ թե նպատակն է կարեւոր, այլ միջոցները, ընթացքը, պրոցեսը: