Պայքարը շարունակվում է

Պայքարը շարունակվում է
Այսօր կարող ենք արձանագրել, որ բնապահպանական ու քաղաքաշինական կազմակերպությունները մեզանում կայացել են: Երիտասարդ էնտուզիաստների մի մեծ խումբ ջանք ու եռանդ չի խնայում, եւ այդ ջանքերն անհետեւանք չեն անցնում: Մեծ ու փոքր հաղթանակներից ոգեւորված՝ նրանք ավելի են ուժեղացնում պայքարը, եւ դրա արդյունքում շահում ենք մենք՝ հասարակությունը, երկիրը: Անհամեստություն չլինի ասել, որ այստեղ մեր՝ մամուլի դերակատարությունն էլ փոքր չէ: Օրինակ, մի քանի օր առաջ «Հրապարակը» մի հոդված էր տպագրել, որտեղ ներկայացրել էր Մաշտոց-Կողբացի փողոցների միջնամասում նախատեսված կառուցապատումների ծրագիրը: Գրել էինք, որ Մարգարյան հիվանդանոցի դիմացի այգի են տեղափոխվելու Աբովյան փողոցից հանված «բուտիկներն» ու սրճարանները: Մեր հրապարակումը թերեւս այս խնդրի վրա հրավիրեց երիտասարդ էնտուզիաստների ուշադրությունը, եւ նրանք վերջին օրերին սկսել են պայքարել դրա դեմ: Ակցիա են անում: Պլակատներով կանգնում: Պահանջում, որ հերթական այգին չզոհեն մեծահարուստներին: Եվ պատասխանը չուշացավ՝ երեկ քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, թե՝ այո, Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների առաջարկել ենք այդ տարածքներում կառուցապատում անել, բայց ոչ կանաչ տարածքներում: Դժվար է ասել, թե ինչ է նշանակում՝ կանաչ տարածքներից չի հատկացվելու: Եթե իսկապես այդ տարածքն ուզում են բարեկարգել, կանաչապատել, ապա եղած բետոնն էլ պետք է քանդվի եւ ծառ տնկվի: Այնպես, ինչպես արեցին Սիրահարների այգում: Եվ ընդհանրապես՝ կանաչ գոտում, այգիներում տարբեր սրճարաններ ու խանութներ տեղադրելը վայրենություն է, որն աշխարհում ոչ մի երկրում չի արվում: Այգիներում անգամ ջուր կամ թերթ վաճառող փոքրիկ կրպակներ չեն տեղադրում: Իսկ «բուտիկներ»՝ առավել եւս: