Արձանագրենք

Արձանագրենք
Կարելի է մաքուր ընտրություններից խոսել, ձեւ անել, թե իրենց միակ երազանքը ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալն է, անգամ կարելի է երդվել ու «պապայի արեւ» ասել, թե՝ չենք խախտելու Ընտրական օրենսգիրքը, բայց դա դեռ չի նշանակում, թե ընտրությունները նորմալ են անցնելու: Ավելին՝ այսօր արդեն բոլոր նախանշանները վկայում են անհավասար պայմանների, անմաքուր մրցակցության եւ նախընտրական անօրինականությունների մասին: Ի վերջո, ընտրությունը քվեարկությունը չէ, այլ մի հսկա գործընթաց, որը պետք է ամբողջությամբ մաքուր լինի: Օրինակնե՞ր: Խնդրեմ՝ երբ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը, որն ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, իր ժամանակի ու հեղինակության մի հսկա մասը ծախսում է սեփական կուսակցության համար քարոզչություն անելու, կուստոմսեր բաժանելու վրա, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ օրենքը խախտվել է: Կամ՝ երբ հակառակորդներին վախեցնելու եւ զինաթափելու համար կիրառվում են քրեական հետապնդման տարրեր, ինչպե՞ս կարող ենք խոսել «մաքուր» ընտրությունների մասին: Իսկ ինչպե՞ս բացատրել, ասենք, նախընտրական «բազարները», երբ կոալիցիոն ղեկավարների նիստի անվան տակ պարզ առեւտուր է գնում, թե ում ինչքան տեղ է հասնելու ապագա խորհրդարանում: Կամ՝ երբ պայմանավորվում են ինչ որ տարածքներում թեկնածուներ չդնելու մասին, սա չի՞ նշանակում, որ հավասար մրցակցության մասին խոսելն անգամ ավելորդ է: Էլ չենք խոսում այն մասին, որ մրցակցությունը գնում է ոչ թե խելքի ու գիտելիքի, փորձի ու մասնագիտական որակների, այլ փողի, ուժի, զոռբայության միջեւ: Ստացվել է այնպես, որ ընտրություններին մասնակցելու համար մարդը պետք է մի ահռելի կարողություն ունենա եւ ռիսկային ներդրում անի: Իսկ խելոք ու ազնիվ մարդիկ մեզանում այդքան փող չունեն: