Արատավոր պրակտիկա

Արատավոր պրակտիկա
Հիմա, երբ Հայկ Գեւորգյանն ազատության մեջ է, կարող ենք կատարվածից հետեւություններ անել եւ դասեր քաղել: Անշուշտ, հասարակական աղմուկն իր դերը խաղաց, եւ սա այն քիչ դեպքերից է, երբ, անկախ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից, բոլորը միակարծիք էին, որ ոստիկանությունը, մեղմ ասած, սխալ է թույլ տվել եւ պետք է ժամ առաջ ուղղի այն: Մեղադրանքն այնքան անհեթեթ էր, որ անգամ մեծ ցանկության դեպքում դժվար էր համաձայնել ոստիկանության հետ: Միաժամանակ՝ կարող ենք շատ տխուր հետեւություն անել՝ եթե նման սխալներ են թույլ տալիս լրագրողի նկատմամբ, ինչե՜ր են անում շարքային քաղաքացիների հետ, եւ արդյո՞ք դրանք հասնում են հասարակությանը: Բայց ավելի կարեւոր խնդիր էլ կա. սա ի՞նչ վտանգավոր ու արատավոր պրակտիկա է, որը ոչ մի կերպ արմատախիլ անել չի հաջողվում, երբ ամեն մի չնչին հանցագործության համար մարդուն կալանավորում են եւ բանտ նետում: Լավ, այս մարդիկ ֆիլմեր էլ չե՞ն նայում, երբ քաղաքակիրթ երկրներում անգամ մարդասպանության մեջ մեղադրվող անձին են գրավով ազատ արձակում մինչեւ դատարանի վճիռը: Ի՞նչն է պատճառը, որ մեզանում ամենաթեթեւ հանցագործության համար անգամ նախնական կալանք է կիրառվում: Ի վերջո, օրենքը հստակ թվարկում է խափանման միջոցները եւ նշում, որ կալանքը կիրառելի է միայն ծայրահեղ դեպքերում, երբ կա փախուստի կամ նախաքննության վրա ներազդելու փաստարկված վտանգ: Ըստ իս, սա մի պարզ բացատրություն ունի՝ նախնական կալանքի չարաշահումն ուղղված է նախաքննական մարմնի դերի մեծացմանը եւ դատարանի դերի նվազեցմանը: Ամեն ինչ անում են, որ մարդիկ իմանան՝ իրենց ճակատագիրը կախված է ոչ թե դատավորից, այլ քննիչից ու դատախազից: Երեկ Հայկ Գեւորգյանին բաց թողնողն էլ, ի դեպ, ոչ թե դատարանն էր, այլ դատախազը: