Տխուր պատկեր

Տխուր պատկեր
Այսօր կավարտվի առաջադրումների փուլը, եւ նախընտրական իրարանցումը փոքր ինչ կհանդարտվի: Անշուշտ, վերջին օրն առաջադրումների առավել առատությամբ աչքի կընկնի, սակայն տասնօրյա ընթացքից արդեն կարելի է որոշ եզրակացություններ անել. ա) Այս ընտրությունները բավականին տխուր ու միապաղաղ են անցնելու: Մրցակցություն եւ թեժ պայքար ծավալվելու է շատ քիչ ընտրատարածքներում: Բանն այն է, որ մեզանում ընտրությունների գործընթացը գրեթե լիովին նույնացվել է ֆինանսական ներդրումների գաղափարի հետ: Իսկ հայտնի է, որ հայը, որպես կանոն, ներդրում անում է այն ժամանակ, երբ առնվազն 110 տոկոսով վստահ է, որ շահելու է եւ իր ներդրումը ետ է բերելու: Հակառակ պարագայում նա կափսոսի փողը, ժամանակը, նյարդերը եւ միանգամայն անիմաստ կհամարի պայքարը: բ) Պայքար ծավալվելու է միայն այն տարածքներում, որտեղ ընտրությունը կայանալու է ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ: Այսինքն, մարդիկ ստիպված են լինելու ընտրություն կատարել, այսպես ասած, վատի ու վատագույնի միջեւ, որոնք բովանդակային առումով իրարից քիչ են տարբերվում, եւ նման թեկնածուների առաջադրումը դժվար է այլընտրանքային որակել: գ) Ընտրության գլխավոր չափորոշիչը լինելու է փողի քանակը: Երբ ընտրությունը վատի ու վատագույնի միջեւ է, բնականաբար, սկսում է դեր խաղալ ընտրակաշառքը: Ընտրողի համար միեւնույնն է՝ Ազգային ժողովի պատգամավոր կդառնա  Սամվել Բալասանյանը, թե Աշոտ Աղաբաբյանը: Նա պատրաստ է առավելագույն օգուտով դուրս գալ ընտրական թոհուբոհից: Իսկ օգուտը տվյալ դեպքում միայն կանխիկ փողով է չափվում: Եվ վերջապես. չնայած այս իրարանցմանն ու կրքերին, խորհրդարանն ու պատգամավորի մանդատն այնքան են արժեզրկվել, որ մեծ հաշվով մարդիկ չեն հավատում, որ ԱԺ որակից ու կազմից ինչ որ բան է կախված: