Արտն իմն է

Արտն իմն է
Կուսակցությունների համամասնական ցուցակների հետազոտությունը շարունակվում է: Մենք նորանոր բացահայտումներ ենք անում, թե ովքեր տեղ չեն գտել այդ ցուցակներում, որ պետք է գտնեին, եւ հակառակը՝ ովքեր են տեղ գտել, որ չպետք է լինեին: Երեկ հայ քաղաքականացված հանրությունը «ողբի» մի քանի թեմա էր գտել: Մեկը կարկառուն ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի բացակայությունն էր, մյուսը՝ դաշնակցական Լիլիթ Գալստյանի 20-րդ տեղը: Երկու դեպքում էլ, ասում են, պատճառը վերջիններիս «լեզուն էր ու չափից ավելի ակտիվությունը»: Եթե Բոստանջյանի պարագայում լրագրողներն ասում էին, որ ԲՀԿ-ից միակ մարդն է, որ բաց է, հասանելի մամուլի համար, կարող է ինչ որ մեկնաբանություններ անել ու տեսակետ շարադրել, ապա Լիլիթ Գալստյանի դեպքում նշում էին, որ ակտիվ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքում եւ հրապարակային բանավեճերում օգտակար մարդ: Երեկվա «ողբի», ավելի շուտ՝ զարմանքի թեմաներից մյուսն էլ ԲՀԿ ցուցակում հայտնված «երիտասարդներն» էին՝ Տիգրան Ուրիխանյանը եւ բազում ճամբարներ փոխած Վահան Բաբայանը: Անգամ զուգահեռներ էին անցկացնում Մենուա Հարությունյանի հետ, ով դուրս մնաց ՀՀԿ ցուցակից, թեեւ ջանասիրությամբ ծառայել էր իր կուսակցությանն ու առաջնորդին: Դժվար է ասել, թե կուսառաջնորդներն ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել: Ի վերջո, եթե ցուցակ կազմելը նրանց մենաշնորհն է, ինչը նշանակում է, որ կուսակցություններն ըստ էության նրանց անձնական սեփականությունն են, եւ կուսակցություններում չկա դեմոկրատիայի նշույլ, ապա այդպես էլ պետք է լինի: Ցուցակներից դուրս կմնան ոմանք, եւ կմտնեն այլք, ու ոչ ոք, անգամ կուսակցության ղեկավար կազմն իրավասու չի լինելու հարցնել պատճառը: Նրանք հաշտվել են այդ ստրկական վիճակի հետ եւ իրենք են ծնել այդ ստրկատիրոջը: