Այլեւս փաստ է

Այլեւս փաստ է
Մինչեւ վերջին պահը պարտիզանի պես ցուցակները գաղտնի պահած կուսակցություններն այլեւս չեն կարողանալու հայտարարել, թե մամուլում տպագրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ մեր ցուցակը դեռ պատրաստ չէ: Այլեւս չեն կարողանալու խաբել ու մոլորեցնել, թե՝ սպասեք, շուտով կտեսնեք, թե ինչ ցնցող ցուցակ ենք ներկայացնելու: Ինչքան ազնիվ ու անաղարտ, ինչքան նոր ու երիտասարդ, գրագետ ու փորձառու, խելացի եւ հայրենիքի սիրով տոչորվող անձինք ենք ընդգրկելու: Ոչ մի գործարար, ոչ մի մականունավոր, ոչ մի վարկաբեկված անձ: Անգամ եթե մի պահ հավատանք, որ այդ խոստումները բխում էին անկեղծ ցանկությունից, արդեն իսկ փաստ է, որ իրականացման ենթակա չէին: Այսպես ասած՝ ուզում էինք լավ, ստացվեց ինչպես միշտ: Նորից նույն կոտրած տաշտակը: Այս առումով անչափ ուշագրավ է Հանրապետականի ցուցակը: Երբ զննում ես այն, հասկանում ես, որ կազմողները ինչ որ ջանքեր գործադրել են, բայց դրանք արդյունք չեն տվել: Գուցե հույս են փայփայել, թե 120-130 համարից այն կողմ ոչ ոք չի՞ կարդալու, եւ գրեթե բոլոր օլիգարխներին ու մականունավորներին գրել են այդ հատվածում: Գուցե հույս են փայփայել, որ ողջ հայ ազգը հանկարծահաս ամնեզիա՝ հիշողության կորուստ կունենա եւ կմոռանա՞ ամիսներ շարունակ ամենաբարձր մակարդակներից հնչած խոստումները: Գուցե ինչ որ պահի ձեռքները թափ են տվել ու ընդգրկել բոլոր ցանկացողների՞ն: Դժվար է ասել: Բայց որ սա ծաղր է հայ հանրության հասցեին, եւ այսպիսի բան անել չէր կարելի՝ անկասկած է: Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի լավ իշխանության եւ շատ ավելի լավ ճակատագրի: Չեմ ուզում հոռետեսություն ներշնչել եւ գույները խտացնել՝ ամենածանր իրավիճակից էլ ելք կա: Եվ այդ ելքը ժողովրդի հավաքական կամքի արտահայտումն է: