Մուտիլովկաներն ու ուտկաները

Մուտիլովկաներն ու ուտկաները
Պղտոր ջրում ձուկ որսացողների ժամանակն է եկել: Երեկ մի քանի ինտերնետ կայքերում տեղադրվել էր Հրանտ Բագրատյանի «Բաց նամակը», որտեղ նա ուշագրավ խոստովանություններ էր արել իր վարչապետական շրջանի հետ կապված, բացահայտել Վանոյի, Վազգենի, Դավիթ Շահնազարյանի վարքն ու բարքը: Քիչ անց համացանցում հայտնվեց Բագրատյանի հերքումը, որ նամակի հեղինակն ինքը չէ: Սակայն ամենաուշագրավն այն էր, որ կայքերն այդ նամակը ստացել էին նրա էլեկտրոնային հասցեից: «Ուտկաների» շարքում է նաեւ երեկվա մեր լուրերից մեկը, որը պատգամավորության թեկնածուներից մեկը հատուկ տրամադրել էր մեր թղթակցին՝ իր մրցակիցներից մեկին շարքից հանելու նպատակով: Դաշտում այնքան շատ կեղծ ու սարքովի տեղեկություններ, ինտրիգներ, սեւ PR կա, որ դրանց զոհը կարող ենք դառնալ բոլորս՝ եւ Ուկրաինայում դասախոսություններ կարդացող, ամեն ինչից անտեղյակ Հրանտ Բագրատյանը, եւ սուր ու հետաքրքիր տեղեկություններ հայթայթող լրագրողը, եւ թերթի խմբագիրը: Ի դեպ, օրերս հերթական «մուտիլովկան» են արել «Հրապարակի» խմբագրի շուրջ. բարձրաստիճան անձանցից մեկը փորձել է պարզել մեր թերթում տպագրված լուրերից մեկի աղբյուրը եւ այդ նպատակով «ԱրմենՏելից» ձեռք է բերել իմ անձնական հեռախոսազրույցների մեկ ամսվա բացվածքը: Ապա սկսել է «բերման ենթարկել» ինձ հետ զրույց ունեցած որոշ անձանց եւ հարցաքննել: Այս պատմությունը կարող էր անգամ ծիծաղելի լինել, եթե այսքան ողբերգական չլիներ: Սույն տգետն անգամ չի պատկերացնում, որ ինֆորմացիայի փոխանցման այլ՝ ոչ հեռախոսային տարբերակներ կան: Եվ ինֆորմացիայի կրողը կարող է բոլորովին էլ խմբագիրը չլինել եւ այլն: Սակայն անգամ եթե կարող են ապօրինաբար խախտել մեր անձնական կյանքի անձեռնմխելիությունը, չի նշանակում, որ կարող են խանգարել մեր աշխատանքին: