Թամաշա

Թամաշա
Այսպիսի շրջան է՝ ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական քարոզչությանը: Գրքի հետ կապված տոն կլինի թե ցեղասպանության հիշատակի օր, հարսանիք թե թաղում, գարնանային գյուղատնտեսական աշխատանքներ թե մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատում: Ոմանք երազում են՝ ո՜ւր էր թե երկու տարին մեկ ընտրություններ լինեին մեզանում: Ինչքա՜ն գործ կաներ իշխանությունը, ինչքա՜ն փող կբաժանեին ժողովրդին, ի՜նչ համերգներ ու տոնակատարություններ կկազմակերպեին: Բայց դա միայն առաջին հայացքից է թվում, թե երկիրն ու հասարակությունը շահում են: Ի՞նչ իմաստ կունենար այսքան փող ծախսելը, եթե հնարավոր չլիներ միջընտրական փուլում այդ ծախսածը ետ բերել: Պարզապես մարդիկ մտածում են, որ տալիս են կոնկրետ իրեն, բայց ետ են ստանում բոլորից՝ երկրից, բյուջեից, հասարակությունից: Ուրեմն դա այնքան էլ նկատելի չի լինի իր սեփական անձի ու գրպանի համար: Ինչպե՞ս անել, որ մարդը չապրի այսօրվա նեղ, անձնական շահով եւ մտածի ընդհանուրի ու ապագայի մասին: Ահա սա է, որ պետք է անեն քաղաքական ուժերը եւ հատկապես ընդդիմությունը, որը չոլեչոլ ընկած՝ ինքն իր գովքն է անում, բայց չի խոսում ամենակարեւոր բաների մասին: Շուրջբոլորը ծեծված ու հոգնեցրած խոսքեր են, բազմիցս կրկնված երգեր: Ոչ մի օրիգինալ, նոր խոսք, ոչ մի համոզիչ վերլուծություն, ոչ մի ֆանտազիա: Բանը հասել է այնտեղ, որ ժողովրդի հետ հինգ տարին մեկ հանդիպող ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հակառակորդների մասին անեկդոտներ են պատմում: Եվ քաղաքական պայքարը վերածվում է կրկեսի, որտեղ ամեն ինչ կա՝ եւ ծաղրածուներ, եւ կենդանիներ վարժեցնողներ, եւ ժանգլյորներ: Այս խայտաբղետ ներկապնակից ո՞ւմ ընտրի խեղճ ընտրողը, որ իրեն զոհ, ստրուկ եւ թամաշայի եկած խաբված հանդիսատես չզգա: