Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

Բարև Ձեզ: Պիտի խոստովանեմ, որ մեծ դժվարությամբ եմ գրում. արցունքներս խեղդում են կոկորդս, իսկ ես չգիտեմ էլ ինչից սկսեմ: Խճճված է իմ պատմությունը, ինչքանով կհետաքրքրի Ձեզ, հուսամ` մի օր պատասխանը կգրեք: Ես Լուսինե Հովհաննիսյանն եմ, Մարտունի քաղաքում ինձ ճանաչում են Լուսինե Գարեգինյան` որպես N3 դպրոցի ուսուցչուհի, <<Հայ ասպետ>> խմբի ղեկավար, ուղղակի լավ մարդ, լավ ընկեր (այդպես են ասում): Հիմա կզարմանաք ու նամակս կուզեք փակել. մի շտապեք, խնդրում եմ: Այս ամենը կլիներ հրաշալիորեն, եթե...եթե չլիներ այն չար խաղը, որ 2009 թվականի ապրիլ-մայիսից փաթաթվեց իմ ու ընտանիքիս անդամների վզին:



Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխաներ`14, 13 և 7 տարեկան: Թե ես,թե ամուսինս ունենք բարձրագույն կրթություն, ապրում էինք ամուսնուս ծնողների հետ մինչ այն պահը, որ դարձանք անտուն և տնանկ:



Ամուսինս` Արթուր Գարեգինյանը` իբրև առաքիչ, 2002 թվականից աշխատում էր <<Կոտայք>> գարեջրի գործարանում, փոքրիկ բիզնես, որ աստիճանաբար ընդլայնվեց, շուտով միացան ամուսնուս 3  ընկերները և 4-ով սկսեցին գործել, ավելի շուտ` օգտվել նրա բարությունից և միամտությունից: 2007 թվականին պարզվեց, որ ամուսնուս պարտքերը շատացել են. փրկվելու համար մի ելք էր մնում` <<Կոտայք>> գարեջրի գործարանին հանձնել սեփական վազ 21 012 մակնիշի մեքենան` 13000 դոլլարի համարժեքով:



Թվում էր` սրանով պիտի սահմանափակվեինք, բայց մեկ տարի անց` 2007-ին կնքվում է մի նոր պայմանագիր, որի համաձայն գործը փոխանցվում է սկեսրայրիս` մեծ քանակությամբ պարտքերով հանդերձ: Գրավ է դրվում ունեցած միակ առանձնատունը` իր հողատարածքով: Մինչև 2009 թվականի հոկտեմբեր ամիսը պարտքերը եռապատկվում են: <<Կոտայքը>> վերջապես հասկանում է, որ այս մարդիկ աշխատել չգիտեն. արվում է ծայրահեղ քայլը. մեզ ստիպում են բնակարանն ազատել: Ամուսինս ամոթից, անելանելի, անկարող վիճակից փախչում է Հայաստանից (2 տարի կլինի լուր չունեմ, ընտանիքիս ողջ ծանրությունը իմ ուսերին է, միակ աշխատողը ես եմ):



Մեր բնակարանը վաճառեցին 4 անգամ ավելի ցածր գնով: 6 շունչ` ես, 3 երեխաներս, ամուսնուս ծնողները <<Կոտայք>> գործարանի գործադիր տնօրեն Զաքարյանի, Սահակ Աբովյանի (ներեցեք,եթե դիրքերը սխալ եմ հիշում) թեթև ձեռքով և նրանց ասած <<գազանիկների>>` գործարանի խոշոր թիկնապահների միջնորդությամբ հայտնվեցինք փողոցում: Նրանցից և ոչ մեկը օրերից մեկ օր չհետաքրքրվեց. ապրոմ ենք մենք, թե` ոչ:



Այս դեպքը ցնցեց ոչ միայն իմ, երեխաներիս, հարազատներիս հոգիները, այլև մարտունեցիների, քանզի նման բան երբեք չէր եղել: Ամենուրեք, թե շշուկով, թե բարձրաձայն խոսում են մեր մասին, ցավակցում, իսկ ես` մտավորականության կարկառուն ներկայացուցիչս, ստիպված եմ գլխիկոր ման գալ և երեխաներին կրթել ու դաստիարակել այնպես, որ սիրեն իրենց հայրենիքը, պետությունը, հարգեն իրենց ղեկավարներին... Ուղիղ 2 տարի է ուսուցչի աշխատավարձով, արցունքն աչքերիս դռնեդուռ եմ ապրում` նողկանք, ամոթ և պարտություն կուլ տալով: Ասացեք խնդրեմ, ինչով են մեղավոր իմ 3 անչափահաս երեխաները, ովքեր դեռ չճաշակած մանկության պտուղները, իրենց օրերն անցկացնում են խորը հիասթափության մեջ: 2 տարի առաջ ամեն ինչ ունեին` տուն, հայր, ընտանիք, այսօր դրանք քաղցր հիշողություններ են. Խաղալիքներն անգամ չկարողացան վերցնել`տանելու տեղ չունեն:



Պարոն Գ. Ծառուկյան, ես Ձեզ անձամբ չեմ ճանաչոմ, Ձեր մասին լսել եմ թե լավը, թե վատը, հավատում եմ, որ Դուք մարդկայնության կողմնակից եք, որովհետև Ձեր հետևից կեղեքված ժողովրդի հզոր բանակ է գնում, օգնեք ինձ, խնդրում եմ, աղաչում եմ մի ելք ցույց տվեք, մաքրեք երեխաներիս խոնավ աչքերը, հետ տվեք նրանց սեփականությունը. ապրել ենք ուզում:



Գենոցիդ ենք հիշում, խեղված ճակատագրերից ենք խոսում, թուրքերի անմարդկայնությունը քննադատում, իսկ մեզանում եղած անմարդկայնությունները, ուր են ձեր ասած մարդու իրավունքները`երեխան պետք է ապրի բաց երկնքի տակ, 71ամյա պապիկն ու 62ամյա տատիկը փողոցում պետք է կնքեն իրենց մահկանացուն: Այլևս չեմ շարունակում: Այս պատմության մեջ մեղավորներ չեմ փնտրում, թող աստված դատի, պարզապես `իբրև վերջին աղերս `օգնեք ինձ:



Գիտեմ, Դուք հիմա շատ զբաղված եք, գուցե ժամանակ չունեք զբաղվելու հերթական այս նամակով, դե, ավելի կարևոր գորժեր կան. ընտրարշավ է, Ձեր խոսքին ու գործին մի ամբողջ ընտրազանգված է սպասում:



Շատ կուզենայի հավատալ, որ Հայաստանը մի օր, ի շնորհիվ Ձեզ` բարգավաճելու  է, ծաղկելու է, թույլ տվեք, խնդրում եմ, ես էլ հավատամ, չէ որ ես էլ մի փոքրիկ մասն եմ Հայաստանի, թող իմ երեխաները նույնպես զգան Ձեր հոգատար ձեռքերի խնամքը, ոչ թե անիծեն այն օրը, որ զրկվեցին սեփական հողից , հորից, ընտանիքից:



Թող <<Կոտայք>> գարեջրի գործարանը երեխաներիս փոքրիկ ուղեղներում չտպավորվի միայն իբրև մարդկանց իրենց տներից դուրս քշող, այլ որպես մարդկանց օգնող, տնանկներին ապաստան տվող: (Ես պատկերացնում եմ իմ փոքրիկ ձագուկների երջանկությունը,երբ կմտնեն իրենց տուն ու կասեն`շնորհակալ ենք Ձեզ, պարոն Ծառուկյան:)



Հավատացեք, ողջ Մարտունու տարածաշրջանը ցնցված մեր պատմությունից, իսկ եթե Դուք կատարեք մեծ մարդասիրական քայլ, վերադարձնեք մեր ... բնակարանը, ցնծությունից կպայթի: Էլ ավելի կհավատան Ձեր խոսքին և Ձեր գործին:



Եթե անհրաժեշտություն կգտնեք,կարող եմ ներկայացնել բոլոր փաստերը կամ ասածս կարող եք ճշտել Ձեր իսկ գործարանում: Ահա իմ բջջայինը 093753647 :



Մի մոռացեք ինձ,խնդրում եմ, ես Ձեր օգնությունն եմ հայցում: