Ժողովուրդը սիրահարված է ՀՀԿ-ին

Ժողովուրդը սիրահարված է ՀՀԿ-ին
Առջեւում ՏԻՄ ընտրություններն են, որոնք ամռան ընթացքում լարված կպահեն հատկապես մարզպետներին: Հուլիսի 8-ին հաշված համայնքներում կայացած ընտրությունները թերեւս նախանշեցին, որ սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունները բուռն մթնոլորտում են անցնելու: Հատկապես Արագածոտնի մարզում, քանի որ սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա, ըստ որոշ լուրերի, իրար են «ուտում» տեղի դաշնակցական ու ՕԵԿ-ական դեմքերը: Հետեւաբար, այստեղ առավել քան դժվարին է դառնում մարզպետի գործը: Ի դեպ, ասում են՝ երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող կրքերը հանդարտեցնելու նպատակով արդեն մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական ու ՕԵԿ-ական գյուղապետերին եւ հորդորել ժամանակից շուտ չակտիվանալ, այլապես եղածն էլ կկորցնեն: Մենք զրուցեցինք Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի հետ՝ նրանից հարցնելով, թե նման թեժ պայքարի պարագայում ինչպիսին կլինի իրենց կուսակցության մարտավարությունը:



- Ոչ մի մարտավարություն էլ չեմ որդեգրելու, էս ժողովուրդը մեր մարզի շատ հարգում եւ սիրում է հանրապետականներին: Մենք հիմա ունենք 85 համայնքային կուսակցական ղեկավարներ եւ հուսով ենք՝ ընտրություններից հետո ավելի կշատացնենք:



- Ինչո՞վ է պայմանավորված այդ սերը ձեր հանդեպ, երբ պարբերաբար լուրեր են հասնում մարզի ՀՀԿ-ականների դերակատարմամբ բազմաթիվ աղմկահարույց դեպքերի: Վերջինն օրինակ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մնացական Մնացականյանի ընտրատարածքում հասունացած կոնֆլիկտի պատճառով մի մարդ մահացավ:



- Ես տեղյակ չեմ այդ լուրերի մասին:…Էսօր, որ մեր մարզում 54 տոկոսն իր ձայնը տվել է ՀՀԿ-ականի, պատահական չեն տվել, էս ժողովուրդը տեսնում է, որ մեր մարզում, բացի ՀՀԿ-ականներից, ոչ մի կուսակցություն քարը քարի վրա չի դրել: Էս մարզում մենք ենք, որ մեր թիմով, մեր շրջապատով, մեր աշխատակիցներով օգնում ենք ժողովրդին եւ կարգավորում թե բուժման հետ կապված, թե  անձնական հարցեր: Այդ ո՞նց եղավ… Սա է՝ սիրահարվածության բան չկա: Մարդիկ տեսնում են արդյունքը:



- Խորհրդարանական ընտրություններին Ձեր մարզում բազմաթիվ էին համայնքները, որտեղ այլ կուսակցությունների օգտին հաղթանակ գրանցվեց: Փաստորեն, այնքան էլ միանշանակ չէ մարդկանց սերը ՀՀԿ-ականների նկատմամբ… Այս առումով Դուք ծանոթ եք այլ կուսակցությունների՝ ՏԻՄ ընտրությունների համար որդեգրած մարտավարությանը, վտանգ չե՞ք զգում:



- Էս մարզում չեն կարա մարտավարություն կիրառեն, որովհետեւ կտեսնեն ինչ արդար, մաքուր, զուլալ ընտրություններ են ընթանում, եւ ոնց են ՀՀԿ-ականներին աջակցում:



- Լավ, իսկ ձեր մարտավարությունը ո՞րն է լինելու, բոլոր համայնքներում թեկնածո՞ւ եք առաջադրելու:



- Ուրեմն ես Ձեզ ասեմ, որ ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է, հզոր կուսակցություն, եւ, բնականաբար, բոլոր համայնքներում անպայման կունենանք մեր թեկնածուն:



- Այսինքն խնդիր է դրված ՀՀԿ-ականացնե՞լ մարզը: Օրինակ Ձեր գործընկերներից ոմանք այն կարծիքին են, որ կուսակցական պատկանելությունը չէ կարեւոր, այլ ղեկավարի աշխատանքը:



- Ժողովուրդը կտեսնի այդ ղեկավար աշխատանքը եւ կգնահատի, ես ոչ թե քաղաքականացնում եմ հարցը, այլ ինձ համար շատ կարեւոր է, որ առաջնահերթությունը տրվի ՀՀԿ-ին:



- Ժողովրդի մեծ մասը միշտ դեմ է իշխանություններին, հաշվարկե՞լ եք սա եւ ի՞նչ մեթոդներ եք կիրառելու ՀՀԿ-ին առաջնային դիրքեր մղելու համար:



- Էդ ի՞նչ… ԱԺ ընտրությունների ժամանակ ի՞նչ մեթոդներ ենք կիրառել, ի՞նչ խախտումներ ենք արել, ոչ մի խախտում էլ չենք արել: Եթե կբերեք մեկ օրինակ, ես ներողություն կխնդրեմ Ձեզանից: …Մամուլի գրածներն իրականություն չեն:



- Պարոն Սահակյան, ՀՅԴ-ական եւ ՕԵԿ-ական կարկառուն ներկայացուցիչներին Ձեզ մոտ կանչելով, կոնկրետ ի՞նչ հրահանգներ եք տվել:



- …(Բարձր ծիծաղում է): Լավ կլինի, լավ կլինի… Չի եղել նման բան: