Մեր քաղաքը. Չի փոխվելու

Մեր քաղաքը. Չի փոխվելու
Մովսես Խորենացուց սկսած, հայ դասականներից ու ժամանակակիցներից վերջացրած՝ բոլոր-բոլորը գրել են ու խոսել ազգային հարստություն դարձած չարության ու նենգության՝ հայ ազգի «բարոյահոգեբանական» անկման մասին: Ու շատերին թվում է, թե հինգերորդ դարը երեկ էր, եւ ոչինչ էլ չի փոխվել:



Թումանյանն իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում գրում է. «Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։



Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է եւ մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է ե՛ւ աչքերում, ե՛ւ դեմքին, ե՛ւ խոսքերում, ե՛ւ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, ե՛ւ «հառաջադիմություն», ե՛ւ «կուլտուրա», ե՛ւ «մամուլ», ե՛ւ «գրականություն», ե՛ւ «դպրոց», ե՛ւ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են եւ տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա եւ տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ եւ մի ժողովուրդ թանկ ու համակրելի»: Եվ ավարտում է հետեւյալ նախադասությամբ. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»։ Դերենիկ Դեմիրճյանը «Հայի» մեջ շեշտում է. «Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է եւ անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության եւ թե՛ գաղափարների մեջ: Իբրեւ ժողովրդական` անմիաբան է, անտանելի, խռովարար»: Տերյանի «Հոգեւոր Հայաստանը»՝ եւս մեկ ազդարար. «Նայեցեք՝ մեր Հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը), սակայն կգտնե՞ք արդյոք մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա… Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»:



Եթե ամեն օր մարդկային մաղձ թափելով, չարակամությունն ու նողկանքը փամփշտակալ դարձնելով, կատաղած շան պես աջուձախ կծոտելով, իրավիճակը խաղաղվեր, բանն այլ ընթացք կունենար: Եթե ինքնության ու ազգայնականության մասին ծեծված ու տգետ երկխոսությունները դադար տային, գուցե իսկական խոսքի համար մի փոքր տեղ ազատվեր: Տարածության զգացողության կորստից յուրաքանչյուր քայլի վրա սրերով չեն հարձակվում, այլ փորձ են անում տարածություններ զավթել: Եթե դարեր շարունակ ոչինչ չի փոխվում, ամենամեծ փոփոխությունը հենց դա է: Մեր էկլեկտիկ հնարավորությունների ու պատմաքաղաքական տրանսմուտացիաների մասին բազմաբովանդակ գյուտերն ու աներեւակայելի հորինվածքները պարզապես գեղարվեստական տեքստերի վարիացիաներ են եղել: Ամեն դար գալ ու գրել հայի ոգու, նրա անկման, ինքնության կորստի, ազգային հենքից կտրվելու ու նման բաների մասին` ցիտելով այս կամ այն հեղինակին, ռազմական գործչին, սա ժանր է, ու նոր գործերը միայն նպաստում են ժանրի զարգացմանը, տարատեսակ շերտեր ու հնարավորություններ ցուցադրելով, բայց միայն տեքստի կոնտեքստում, որովհետեւ հենց նոր ծնված տեքստը զավեշտալիորեն տակառվում է ապագա սերունդների համար, որոնք կարդալով՝ օրորում են գլուխներն ու բարձրաձայնում. «Օ՜, ինչ ճիշտ է ասված: Ոչինչ չի փոխվել»: Պատճառահետեւանքային կապի մասին որեւէ բան ասել չեմ կարող: Դրա համար կան մասնագետներ` արվեստաբաններ, մշակութաբաններ, մարդիկ, ովքեր հետաքրքիր մտքեր են արտադրում, եւ այդ մտքերը գուցե ապագայում ժանրի զարգացմանն ուղղված կարեւոր հենակետերը լինեն: Յուրաքանչյուր ինդիվիդ, սեփական ջանքերով ու իր ազատությանը հավատալով, միայն ինքն է, որ կարող է պոկվել չդադարող մղձավանջից: Ավելացնելու բան գրեթե չկա: Մեր չարակամության ու նենգության դեմ փոփոխման ենթակա բջիջները ծառայում են միայն տեքստեր ստեղծելուն, որ մյուս սերունդը կարդա ու կիսահրճվանքով գոչի. «Պահոոո՜, բան էլ չի փոխվել»: