Մի քանի ազդակ

Մի քանի ազդակ
Տարբեր իրադարձություններ իրար կապելու, հեռուն գնացող աշխարհաքաղաքական հետեւություններ անելու միտումը երբեմն պարանոյա է հիշեցնում, բայց վերջին օրերի մի շարք իրադարձությունների մեջ կապ չտեսնելը բավականին դժվար է: Չգիտես ինչու, իրար ետեւից մի քանի վճիռներ արձակվեցին Եվրադատարանի կողմից եւ բավականին պատկառելի տույժ-տուգանքներ սահմանվեցին Հայաստանի նկատմամբ: Վերջին վճիռները վերաբերում են հանրային գերակա շահ ճանաչված տարածքներից քաղաքացիների վտարմանն ու սեփականության իրավունքի ոտնահարմանը:



 



Նախօրեին Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասուլիս տվեց եւ որոշակի հանդիմանություններ ուղղեց ՀՀ իշխանություններին, թե՝ «Հայրենակիցներ» ծրագրին մի մեղադրեք, ձեր երկրից արտագաղթի պատճառներն ուրիշ տեղ փնտրեք: Երեկ էլ ԱՄՆ դեսպանն է հանդիպել Գագիկ Ծառուկյանին եւ արդեն երկրորդ անգամ հայտարարություն արել, թե մտահոգված են Օսկանյանի գործով, որի ընթացքին ուշիուշով հետեւում են եւ հուսով են, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթներն ու կապահովեն օրենքի կիրառումն այս հարցում:



 



Եթե թվարկվածին գումարենք նաեւ ոչ հեռավոր անցյալում Ռամիլ Սաֆարովի դիպվածը եւ միջազգային հանրության, մեծ հաշվով, անտարբերությունը կատարվածի նկատմամբ, պարզ կդառնա, որ Հայաստանի գործերն այնքան էլ լավ չեն: Դավադիր տեսությունների սիրահարներն այստեղ կգտնեին աշխարհի հզորների կողմից մեր իշխանություններին ուղղված դժգոհություններ եւ ըստ այդմ՝ նախազգուշացումներ. եթե հետեւություններ չանեք եւ շարունակեք բռնապետական-ասիական կեցվածքը, սանկցիաները կսաստկանան: Իսկ մենք բավարարվենք հետեւությամբ, որ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքական ֆրոնտում էլ մերոնք վատ են աշխատում, ուստի շարունակ ոտները քարի է առնում: