Սաբա

Սաբա
Տրիեստ իտալական նավահանգստային քաղաքում, որտեղ իր հռչակավոր «Ուլիսեսի» հատվածներից է գրել Ջեյմս Ջոյսը, եւ ապրել ու ստեղծագործել է արձակագիր Իտալո Զվեւոն,  ծնվել է 20-րդ դարի իտալական պոեզիայի լավագույն ներկայացուցիչներից մեկը` Ումբերտո Պոլին` նույն ինքը բանաստեղծ Ումբերտո Սաբան:



 



Սաբան կրթվել է Պիզայի համալսարանում, հաճախել ջութակի դասընթացների, որի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն մեկ այլ ջութակահար Ուգո Կյեզայի հետ` լուրջ հետեւանքներ թողնելով նրա առողջության վրա: Առաջին բանաստեղծությունների ժողովածուն Սաբան տպագրել է 1911թվականին, սեփական միջոցներով, ստորագրելով ազգանունը` Սաբա: Կարծիք կա, որ «Սաբա» ազգանունը բանաստեղծը վերցրել է ի պատիվ իր ստնտու, ազգությամբ հրեա Պեպպա Սաբացիի:



 



Կան կարծիքներ, որ Ումբերտո Սաբայի պոեզիան պատկանում է 20-րդ դարասկզբին Իտալիայում բռնկված հերմետիզմ ուղղությանը, չնայած այն բանին, որ, ի տարբերություն հերմետիզմի ցայտուն ներկայացուցիչների ստեղծագործությունների, Սաբայի բանաստեղծություններն արտացոլվում էին ավելի պարզ, հստակ էսթետիկայով` զերծ սիմվոլիստական հակումներից:



 



Հոգեբանական խորը ճգնաժամերն ու դեպրեսիաները մեկը մյուսի հետեւից քայքայում են Սաբայի առողջությունը: Նա բուժման կուրսեր է անցնում Զիգմունդ Ֆրեյդի աշակերտ Վայսի մոտ: Տրիեստում Սաբան ձեռք է բերում հին գրքերի մի գրախանութ եւ զբաղվում հնագրավաճառությամբ: Ինքնակենսագրությունը նրա պոեզիայում դրսեւորվում է որպես հիմնական նյութ եւ բանաստեղծական աշխարհայացքի մեկնակետ:



 



Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Սաբան կնոջ եւ դստեր հետ փախչում է Տրիեստից` հաստատվելով եւ ծածուկ բնակվելով Ֆլորենցիայում, որտեղ անընդհատ փոխում է բնակարանները: Իրենց կյանքը վտանգելով՝ Սաբային ամեն կերպ օգնում են բանաստեղծներ Էուջենիո Մոնտալեն եւ Կառլո Լեւին: Պատերազմից հետո նա բնակվում է Հռոմում եւ Միլանում, զբաղվում լրագրությամբ: Սաբան իր բանաստեղծություններից թոթափում է ավելորդ կոկետությունները` ձգտելով հասնել հնարավորինս կոնկրետության եւ թիրախային դիպուկության:



 



Կնոջ հիվանդությունից ընկճված եւ վատառողջ՝ 1955 թվականին Սաբան պառկում է Գորիցիա հիվանդանոցում եւ դուրս գրվում միայն մեկ տարի անց` կնոջ հուղարկավորության օրը: Նա մահանում է մի քանի ամիս անց՝ կիսատ թողնելով իր «Էռնեստո» վեպը: Իոսիֆ Բրոդսկին բարձր է գնահատել Սաբայի պոեզիան: Նա մի քանի նշանավոր բանաստեղծությունների թարգմանության հեղինակ է: