Հարցեր դեսպանին

Հարցեր դեսպանին
Ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը, տեղեկանալով, որ ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ, երեկ նամակ է հղել ԱՄՆ դեսպանին եւ մի քանի տրամաբանական հարց ուղղել նրան:



 



«Պարոն դեսպան. 1. Ովքե՞ր են դիմել Ձեզ, եւ արդյո՞ք ես իրավունք ունեմ իմ եւ նույն դատավճռով ազատազրկման դատապարտված իմ ընկերների անունից դիմել Ձեզ եւ ակնկալել Ձեր դիրքորոշումը: Մեր նկատմամբ կատարվել են բռնություններ, եւ շինծու մեղադրանքների արդյունքում դատապարտվել ենք 2-6 տարվա ազատազրկման: 2. Պարոն դեսպան, չմեկնաբանելով եւ որեւէ դիրքորոշում չհայտնելով մեզ առնչվող հանրահայտ դատավարությանը, չե՞ք կարծում, որ դա վատ է ԱՄՆ-ի եւ իր ներկայացուցչության հեղինակության համար հենց արդարադատության եւ ժողովրդավարության ընտրովի մեկնաբանման տեսակետից: 3. Արդյո՞ք անհանգստացնող չէ այս դատավճիռը ընտրություններից առաջ: 4. Պարոն դեսպան, եթե դիրքորոշում հայտնելու համար բավարար տեղեկատվության չեք տիրապետում, առաջարկում եմ Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին` հանդիպել ինձ»:



 



Իսկապես՝ եթե ամերիկյան դիվանագետի հետաքրքրությունը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող ոչ դեմոկրատական գործընթացների հետ կապված անհանգստությամբ, ինչո՞ւ է դա տարածվում միայն Վարդան Օսկանյանի նկատմամբ: Ինչո՞ւ նրանց համար ուշագրավ չէ ՀԱԿ երիտասարդների գործը, որոնցից մեկն արդեն մեկ տարի կալանքի տակ է, իսկ դատավարությունը երկար ամիսներ է ձգվում: Եթե իսկապես սա քաղաքական միջամտություն չէ ԱՄՆ գերտերության կողմից Հայաստանի ներքին գործերին, ապա ինչո՞ւ դեսպանը հայտարարություններ չի անում ոչ միայն ՀԱԿ երիտասարդների, այլեւ մյուս շարքային գործերով, որտեղ ոտնահարվում է օրենքը: