Գրականագետը Չարենցի դստեր քայլը որակում է քաղքենիական

Գրականագետը Չարենցի դստեր քայլը որակում է քաղքենիական
Եղիշե Չարենցի հեղինակած 1935-37 թթ-ի ստեղծագործությունների հիման վրա պետության պատվերով այս տարի հրատարակվել է «Գիրք մնացորդաց» անտիպ ժողովածուն, որն արդեն չորս ամիս է՝ Չարենցի դստեր կողմից գտնվում է արգելանքի ներքո: Այս մասին հայտնեց գրքի խմբագիր, գրականագետ Դավիթ Գասպարյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ Չարենցի դուստր  Անահիտ Չարենցը նամակ է հղել ՀՀ նախագահին, որում նշվել է, որ դեմ է «Գիրք մնացորդաց»-ի «Ներածություն» բաժնում» արծարծված որոշ փաստերի հրապարակմանը, իսկ թե կոնկրետ ինչ փաստերի մասին է խոսքը, գրականագետը հրաժարվեց պատասխանել:



Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք խոսքը Չարենցի և Ռեգինա Ղազարյանի կյանքի որոշ մանրամասներից մեջբերումներումների մասին է, որոնք կարող են ընկալվել վիրավորական բնույթի, գրականագետը կրկին ոչ մի հստակ պատասխան չտվեց:

Դավիթ Գասպարյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական մարմնի որոշմամբ 500 տպաքանակով հրատարակված «Գիրք մնացորդացը» տարածում չի գտել ոչ գրախանութներում, ոչ գրադարաններում:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Գասպարյանը չի պատրաստվում վերանայել գրքի ներածական մասը, գրականագետը պատասխանեց. «Գրքում տեղ են գտել միայն ճշգրիտ փաստեր, որոնք ենթարկել եմ գրականագիտական մեկնաբանության, հետևաբար չեմ պատրաստվում ոչ մի տող փոփոխել: Չեմ պատրաստվում նույնիսկ հարցնել Չարենցի դստերը, թե գրքի ներածականում կոնկրետ ինչը դուր չի եկել նրան: Սա իրական քաղքենիության դրսևորում է»:

Դավիթ Գասպարյանը նաև հավելեց, որ ինքը նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ գիրքը արգելանքից հանելու խնդրանքով և պատրաստվում է սեփական միջոցներով հրատարակել ու տարածել «Գիրք մնացորդացը»: