Հասմիկ Պողոսյանի ձեռագիրը

Հասմիկ Պողոսյանի ձեռագիրը
Երբ 2008-ին Վահե Շահվերդյանը հեռացվեց Սունդուկյանի անվան թատրոնից, պաշտոնական բացատրությունն այն էր, թե Մայր թատրոնը դարձել է մի մարդու թատրոն. բեմադրություններ դնում է միայն Շահվերդյանը, եւ այստեղ «աճում-բարգավաճում է» նրա ազգուտակը: Ոմանք թեթեւացած շունչ քաշեցին, թե Փափազյանի, Խորեն Աբրահամյանի, Աճեմյանի, Արուս Ոսկանյանի, Գուրգեն Ջանիբեկյանի եւ մեր մյուս մեծերի թատրոնը վերածնունդ կապրի ու կծաղկի:



 



Մանավանդ մշակույթի նախարարությունը գնաց ոչ տրադիցիոն ճանապարհով՝ որոշեց նոր գեղարվեստական ղեկավար չնշանակել, թատրոնը բացել բոլոր բեմադրիչների առաջ, դարձնել ազատ բեմ, որ բոլոր շնորհալիները բեմադրելու հնարավորություն ստանան: Ինչի արդյունքում կշահեն մշակութային կյանքն ու հանդիսատեսը: Բայց տարիներն անցնում էին, իսկ նոր ներկայացումներ կամ չէին հայտնվում, կամ դրանք այնքան գորշ էին, որ ոչ մշակութային կյանքն էր հարստանում, ոչ հանդիսատեսն էր ինչ-որ բան նկատում: Մոտ 10 ամիս առաջ վերջապես մշակույթի նախարարությունը հասկացավ, որ Սունդուկյանին, այնուամենայնիվ, գեղարվեստական ղեկավար է հարկավոր, եւ նշանակեց Տիգրան Գասպարյանին:



 



Ոչինչ, որ վերջինս հանրությանը հայտնի էր միայն սերիալներում իր խաղացած դերերից, նրա առաքելությունը Սունդուկյան թատրոնի վերածնունդը, ստեղծագործական մթնոլորտի, շնորհալի երիտասարդների վաղուց խոստացված մուտքը թատրոն ապահովելն էր: Ավաղ, պետք է արձանագրենք, որ 10 ամսվա ընթացքում թատրոնում ընդամենը երկու գործ է բեմադրվել, որոնցից մեկին անգամ ՀՀ նախագահի ներկայությունն ապահովել են, բայց թատերական բում ապահովել չեն կարողացել: Նոր անուններ թատրոնում չեն հայտնվել: Ավելին՝ թատրոնում մթնոլորտն այնքան է փչացել, որ աշխատակազմը բաժանվել է անհաշտ թեւերի: