Անահիտ Թոփչյանի «Մարաթոն»-ը` փարիզյան բեմում

Անահիտ Թոփչյանի «Մարաթոն»-ը` փարիզյան բեմում
2012-2013թթ. փարիզյան ներկայացումների ցանկում հայտնվեց հայ հեղինակի՝ Անահիտ ԹՈՓՉՅԱՆԻ անունը: Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Դարիուս Միյոյի անունը կրող թատրոնում արդեն երրորդ ամիսն է, ինչ հաջողությամբ գնում է «Մարաթոն» վերնագրով ներկայացումը՝ բեմադրված ըստ Անահիտ Թոփչյանի համանուն պատմվածքի: Բեմադրությունը պատրաստել է «Ռոզամիռա» ընկերությունը, բեմադրող՝ Նինա Դիվ, դերակատարներ՝ Սոլանժ Միյո, Վիլյամ Ամբեր:



...Երկու ծաղրածու են հայտնվում բեմում՝ մեկը լուրջ, մյուսը՝ անլուրջ: Ծիծաղաշարժ եւ անհեթեթ իրավիճակներում նրանք գրեթե ամբողջությամբ եւ յուրովի մատուցում են պատմվածքի տեքստը, մի երկխոսություն կյանքի ողբերգական, միաժամանակ անհեթեթ ու կատակերգական կողմերի մասին: Անլուրջը շարունակ զավեշտի է վերածում լուրջ ծաղրածուի փիլիսոփայական դատողությունները կյանքի վերաբերյալ, մինչեւ որ ինքն է հասնում իր երկրային գոյության ավարտին, դրանով իսկ ասես ընդգծելով ամեն ինչի հարաբերականությունը:



 



«Նինա Դիվի ծաղրածուները եւ նրանց դիմակ-դեմքերը հիշեցնում են Ֆելինիի աշխարհը: Տեքստը հասնում է գրոտեսկի, որի տակ մի խոր փիլիսոփայություն կա»,- ասվում է ներկայացման անոտացիայում: Հանդիսատեսը լարված ուշադրությամբ հետեւում էր տեքստին եւ ասես հնարավորություն ստանում խորհելու կյանքի իմաստի մասին:



 



Ներկայացումները գնալու են մինչեւ դեկտեմբերի սկիզբը, որից հետո «Մարաթոն»-ը պիտի հյուրընկալվի Ֆրանսիայի այլ քաղաքների բեմերում: Բեմադրիչը հրավեր է ստացել նաեւ մասնակցելու թատերական միջազգային փառատոններին: