Այսպես ասած՝ արվեստային կոնտեքստ

Այսպես ասած՝ արվեստային կոնտեքստ
Նոյեմբերի 29-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջողազյանը ներկայացնելու են հատվածներ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի բանտային օրագրից: 17 տարի առաջ, նոյեմբերի 29-ին Մհեր Ենոքյանի նկատմամբ կայացվել է մահապատժի դատավճիռ, որը հետագայում մեխանիկորեն փոխվել է ցմահ բանտարկության։ Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունից տեղեկացնում են, որ թատոնի մուտքն ազատ է լինելու: Կվաճառվի նաեւ Մհերի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գիրքը:



 



Մհեր Ենոքյանի գործը վերջին ժամանակներում հնչեղություն է ստացել: Այդ գործով հետաքրքրվում են հասարակական կազմակերպություններ, քաղաքացիներ, արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դերասաններ, գրողներ, որոնք էլ, անդրադառնալով Մհեր Ենոքյանի ստեղծագործություններին, իրենց համար բացահայտում են յուրօրինակ բաներ: «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսին նրանցից մի քանիսը ներկա էին եւ խոսք հղեցին գրքի ու մարդու մասին:



 



Այս ամենն արդյունքն է Մհեր Ենոքյանի՝ բանտից ծավալած գրական գործունեության, որն ուշադրություն է հրավիրում  աղմկահարույց քրեական գործին: 20-րդ դարում եղել են մի քանի հայտնի գործեր, որոնք այս կամ այն կերպ առնչվել են ստեղծագործական աշխարհի եւ նրա գործառույթների հետ, մասնավորապես  1959 թվականի նոյեմբերի 19-ին «The New Yorker» ամսագրում տպագրվում է լուր Կանզաս նահանգում մի ընտանիքի դաժան սպանության մասին:  Արձակագիր Թրումեն Կապոտեն, մեկնելով Կանզաս, սկսում է հետաքննել գործը: Կալանավորված մարդասպանների հետ Կապոտեն զրույցներ է վարում՝ փորձելով պարզել հանցագործության դրդապատճառներն ու մանրամասները: Հանդիպումների ընթացքում Կապոտեն կապվում է մարդասպաններից մեկի՝ Փերի Սմիթի հետ: Շշուկներ են տարածվում, որ նա սիրահարված է Սմիթին, որի բանտային օրագրից իր ապագա գրքի համար նյութեր էր վերցնում` խոստանալով Փերիին, որ ազատել կտա էլեկտրական աթոռից: Փերի Սմիթը եւ Ռիչարդ Հիքոքը դատապարտվում են մահապատժի, իսկ Կապոտեի գիրքը դառնում է բեսթսելլեր եւ վաճառվում բազմահազար օրինակով, անընդհատ վերահրատարակվելով:



 



Արձակագիր Նորման Մեյլերը Պուլիտցերյան մրցանակ է ստանում Գարի Գիլմորի մասին նոր լրագրության ոճով գրված «Դահճի երգը» վեպի համար (Գիլմորը սպանության համար դատապարտվում է մահապատժի): Ֆրանսիացի հռչակավոր գրող Ժան Ժենեն իր բանտային վեպերով, որտեղ բացահայտ նկարագրվում են հոմոսեքսուալ տեսարաններ, ստիպեց Նոբելյան մրցանակի դափնեկիր էքզիստենցիալիստ Ժան Պոլ Սարտրին իրեն դասելու սրբերի շարքը:



 



Ժամանակ առ ժամանակ Մհեր Ենոքյանի գործի մասին հիշեցումներ են լինում: Գործը հանրայնացվում է` դանդաղորեն ընդգրկվելով, այսպես ասած, արվեստային կոնտեքստ, որն էլ աշխատում է, որ հիշողությունը չխամրի, ու մոռացում չլինի: Ինչ դուրս կգա դրանից, ոչ ոք չգիտի: Գործի իրական վիճակը մնում է անորոշ, քանի դեռ արդարադատության մարմինը որեւէ կերպ վստահություն չի ներշնչում:



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ