Ամանորի շեմին

Ամանորի շեմին
Մի տարի էլ գլորեցինք: Ծանր, խնդիրներով ու անհանգստություններով լի, բայց լրատվական առումով՝ հետաքրքիր տարի: Ոչ այնքան լավ լուրեր հաղորդեցինք ձեզ, որքան գուժեցինք ու քննադատեցինք, բացահայտեցինք ու մերկացրինք: Բայց նաեւ փորձեցինք օգտակար լինել ինչպես հասարակությանը, այնպես էլ նրանց, ում դեմ գրում էինք, ում քննադատում էինք: Չէ՞ որ երբ գիտես քո թերություններն ու սխալները, ավելի հեշտ է դրանք շտկելը:



 



Անշուշտ, նաեւ սխալներ թույլ տվեցինք, տեղ-տեղ չափազանցրինք ու չափն անցանք: Ոգեւորվեցինք ու սայթաքեցինք: Տարեվերջը լավագույն ժամանակն է մեղքերի թողություն հայցելու, խոստովանելու եւ ներելու համար, ուստի ուզում եմ մեր վերջին համարում դիմել ընթերցողին՝ ներողամիտ եղեք մեր նկատմամբ: Եթե երբեմն սխալվել ենք՝ գիտակցաբար չենք արել: Եթե վնասել ու խոցել ենք՝ չենք ցանկացել ցավ պատճառել: Եթե մեղավորին հարվածելիս դիպել ենք նաեւ անմեղին, ներողամիտ եղեք: Եթե գրագետ չենք եղել, հետաքրքիր չենք գրել, անարժաններին ենք տեղ տվել՝ արժանիներին անտեսել, մթնոլորտում եղած մաղձն ու թույնը, սուտն ու բամբասանքը, ստորությունն ու չարությունը բերել ենք թերթի էջեր, ընդամենը ցանկացել ենք կյանքից ու իրականությունից չկտրվել, վատը բացահայտել, ձեզ մտածելու տեղիք տալ, ձեր մեջ անհանդուրժողականություն արթնացնել վատի ու անբարոյականի եւ հանդուրժողականություն՝ ձեզ համար խորթ տեսակետների ու անընդունելի անձանց նկատմամբ:



 



Փորձել ենք հավատարիմ լինել մեր անվանը՝ հրապարակ, որտեղ բոլորն իրավունք ունեն տեսակետ հայտնել եւ ամբիոն ունենալ: Եթե, իհարկե, դա հետադիմության գովք չէ, քրեորեն պատժելի արարքներ եւ հասարակության համար վտանգ ներկայացնող մտքեր չեն: Ամեն դեպքում՝ ամեն ինչ արել ենք մեր ընթերցողի վստահությունը չկորցնելու համար: