2 հազար 350 անուն գիրք՝ Արցախի պետական համալսարանին

2 հազար 350 անուն գիրք՝ Արցախի պետական համալսարանին
«Սա Հայաստանն է` եւ վերջ». արցախյան պայքարի քաջարի հրամանատարի` Լեոնիդ Ազգալդյանի թեւավոր խոսքը դարձել է «Միասնական հայրենիք» հասարակական կազմակերպության կարգախոսը: Անցյալ տարի հերոսի ծննդյան 70-ամյա եւ մահվան 20-ամյա տարելիցին ընդառաջ` կազմակերպությունը ԼՂՀ Մատաղիս գյուղից դեպի Տոնաշեն գյուղ տանող ճանապարհին, Թարթառ գետի կամրջի հանդիպակաց ժայռին բացեց Ազգալդյանի հուշաքարը:



 



Երկրի ազատության, ինքնության պահպանման համար զենք վերցրած մտավորականի փափագն էր տեսնել անկախ հայրենիքում ապրող եւ ստեղծագործող ժողովրդի ձեռքբերումները, Արցախի անկախությունը գնահատող, պատմությունն ու մշակույթն իմացող, մշտապես դրա համար պայքարի պատրաստ սերնդի:



 



«Միասնական հայրենիք» կազմակերպության պատվիրակությունն (նախագահ՝ Վլադիմիր Պողոսյան, նախագահության անդամներ` Վլադիմիր Դավթյան, Գոռ Գասպարյան, Վահագն Պողոսյան) օրերս հերթական առաքելությամբ ԼՂՀ-ում էր: Արցախի պետական համալսարանի եւ «Միասնական հայրենիք»-ի միջեւ փոխգործակցության հիմքը դրվել էր ավելի վաղ՝ կազմակերպության նախագահ Վլադիմիր Պողոսյանի եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանի միջեւ կնքված պայմանագրով: Կազմակերպության  այս նախաձեռնությունը նաեւ խորհրդանշական էր, այն համընկավ ղարաբաղյան շարժման 25-ամյակի հ»տ, արդյունքը  հայկական երկու լեռնաշխարհների վերամիավորումը եղավ:



 



«Միասնական հայրենիք»-ի նախագահ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության հետ հանդիպմանը ներկայացնելով այցի նպատակը, հիշեցրեց, որ անցյալ տարի լրացավ հայ գրատպության 500-ամյակը:  «Գիրքը մշտապես եղել է մեր ազգային սրբացման առարկան, նույնիսկ միջազգային հանրությունն է մեզ ճանաչում մեր ստեղծած բազմադարյա գրավոր ժառանգությամբ. 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակեց գրքի  մայրաքաղաք: «Միասնական հայրենիք»-ի նախագահության անդամ Աշոտ Ասմարյանն իր հորեղբոր՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Ասմարյանի անձնական գրադարանից Արցախի պետական համալսարանին նվիրաբերեց 2 հազար 350 անուն գրականություն՝ գիտական եւ մասնագիտական ձեռնարկներ:



 



«Համոզված ենք, որ դրանք պիտանի կլինեն ԼՂՀ մայր բուհի ուսանողների համար, ովքեր վաղվա անկախ պետության կերտողներն են եւ իրենց նվիրումն ու ավանդն են ներդնելու հիրավի «Միասնական հայրենիք»` Հայաստան-Արցախ աշխարհի կայացման ու հզորացման գործում: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, վստահեցրեց, որ Արցախի համալսարանի ուսանողների համար մասնագիտական գրականությունն անհրաժեշտ եւ օգտակար կլինի:



 



Նունե ԵՂԻԱԶԱՐՅԱՆ