Առաջարկ. Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի տոհմածառ

Առաջարկ. Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի տոհմածառ
«ՓիԱր»-ի զարգացման հայկական կենտրոնը նախագիծ-առաջարկ է ներկայացրել՝ Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի տոհմածառը, որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից և հայերից:



 



Դեռեւս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որևէ նախագիծ չհաղթեց:



 



Ազգերի տոհմածառ ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս բացառիկ տոհմածառում Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն «Armenia» եւ «Ararat»: Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն:



 



Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունը, այն նաև ունի տուրիստական, գիտական, կրթական և մշակութային մեծ արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ», որում կուտակված գումարը ամեն տարի հատկացվելու է, որևէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի և նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ և այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ: