Նամակ քաղաքապետին

Նամակ քաղաքապետին
Շատ սիրելի որդի, ընկեր, հորեղբոր տղա, ղեկավար ու ախպեր Տարոն ջան: Նաեւ իր տիկին, մամա, երեխաներ, մնացած մոտիկ ու հեռու բարեկամներ, իրենց ծնողներ, մեծարգո գնացածներ եւ ընդհանրապես գնացածներ եւ Տարոնիս մոտիկ մնացածներ:



 



 



Պաշտոնյա ու քաղաքացի շինծու տարանջատումից վերջնականապես տարանջատված գովելի եղբայր ջան, ստացանք նամակդ, որ ուղարկել էիր նանիին, Զանիին..., վայ, կներես, կնոջս, ինձ, զոքանչիս, երեխեքիս, հարեւանի երեխեքին, ախպերներիս, իրենց ու քո լավը ցանկացող հարազատներիս, ծանոթներիս, ընտրության էս ազիզ օրվա շեմին, թե բեմին մնացած անծանոթներիս:



 



Ախ, սիրելի որդի Տարոն ջան (կարելի է, չէ՞ առանց միտինգային վարվեցողության ու ճառերի, սրտիդ մոտիկ նախընտրելի էս ձեւը), ախպեր ջան, ախր էդ նամակը, որ գրել ես, ո՞նց ասեմ, որ սրտիկդ շատ չցավա, բայց դե կյանք է, դու էլ` ղեկավար, ղեկավարի տղա ու վաղվա ղեկավարի պապա, բա որ դու չհասկանաս, ո՞վ հասկանա... Հա, էն էի ասում, որ ախր էն բժշկական խորհրդանիշ էդ զոքանչիս որ դիմել ես, բացի էն, որ մարդ չի (չհասցրի էլ քեզ զգուշացնել), ախր էստեղ չի էլ ապրում, էս տասը տարի է՝ Լոսում հավաքարար է: Իսկ մարդ չի, որովհետեւ ամիս կա, որ մի կոպեկ փող չի ուղարկում: Ոնց որ չգիտի՝ մենք ինչ երկրում ենք ապրում, դու էլ մեզ հետ, Տարոն ջան: Տեղը չի, դրա համար էլ չեմ հարցնում, իսկ քո՞նը, ձեզ հետ ա՞, թե՞... Դե լավ, լավ, էդ մասին երեւի հետո, առանձին նամակով: Ո՞նց պահեմ իր աղջկան, որ Լեւոն թագավորից սկսած՝ անգործ եմ աշխատում: Ես չէ` դու, չես ասի` այ զոքանչ, ես կարող ա բիզնես ունեմ, տուն ու կալվածքներ, եվրո ու նեվրո... Չե՞ս ասում, բա խի՞ որ, Տարոն ջան...



 



Հա, էդ ախպերներիս էլ, որ քո էդ համամարդկային նամակում ըտենց հատ-հատ ու սրտանց հիշում ես, վաղուց չկան: Չէ, փառք Աստծո, կան, բայց Տյումենում, Նովգորոդում, Սախալինում, Բարենցի ծովում, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, բնական է՝ իրենց տնական քոմ ու քոչով, կին-երեխեքով: Պետք լինի, իհարկե, կարող եմ ասել հասցեները, բայց խորհուրդ չեմ տա դիմես: Շատ նեղացած գնացին ախպերներս, ախպեր ջան, իրենց կնիկներն էլ` չարացած: Աստված չանի ընկնես դրանց լեզվի տակ, Տարոս... կներես, Տարոն ջան, մանավանդ, որ հիմա հռուսական, չինական, ինդոնեզական ու եսիմինչական գրանցում ու անձնագիր ունեն, դրանց հետ էլ խոսել կլինի՞, թեկուզ` մլիցեքով կամ թաղային հեղինակներով... կներես, հեղինակություններով կամ քո էդ միամիտ ու ազնիվ որդիական բարի թախծոտ ու լուսավոր մարգարիտ տողերով...



 



Ասեմ քեզ, նամակիդ մեջ նշված ազգուտակիցս էլ Գվիդոնը (քեռիս) նստած ա (մուրաբա էր գողացել), Կարապետյան Հռոզը (մորաքրոջս աղջիկ) Թուրքիա լրբության ա (էստեղ էլ էր լիրբ, ճիշտ ա` քաղաքական), ախպորս տղա Վալոդը հոգեկան ա (երրորդ նախագահական ընտրություններից հետո, փողը չէին տվել), հորքուր Բավոն մեզ մոտ չի, վերջին անգամ տեսել են կայարանի աղբարկղերի մոտ: Ճիշտ կլինի, էնտեղ դիմես կամ հանդիպես: Մի քիչ նեղացած ենք, որ մեր ծնողներին չես հիշել, ազիզ օր էր` ի՞նչ կլիներ, թե՞ թողել եք հաջորդ օրվան, ըստ սովորության, տոնից հետո` մեռելոց: Հա, ճիշտ է, մահացած են, բայց ի՞նչ նշանակություն ունի, հո մենք էլ մեռած չե՞նք, կգայինք, կընտրեինք նաեւ իրենց տեղը, մանավանդ էնքան էլ մեծ չէ իրենց ու մեր տարբերությունը. մենք էլ մեռած ենք, բայց թաղած չենք, սպասում ենք ձեր հողահատկացումներին:



 



Տարոն ջան (կարելի է, չէ՞, նախընտրական էս քանի օրը թիթիզավարի քեզ ըտենց դիմել), ախպեր ջան, ղեկավար ու հրամանատար ջան, զորավար ու զորավոր, գեներալ ու մարշալ ջան, ջան ու էլի ջան, ի՞նչ կլիներ, էդ նամակիդ արանքում մի երկու... էն... բան սլլացնեիր, մանավանդ, որ էս անգամ էն քո (թիմակից ես ասում, թե պրոֆեսիոնալ) միջնորդ շունշանորդիները չկային, ու նամակիդ բովանդակությունը լրիվ տեղ կհասներ... Թե չէ էսպես, այ ախպեր, ոնց կարդում, բան չենք հասկանում: Ցավդ տանեմ, դու էլ մեզ հասկացիր, ախր մենք այդպիսին ենք այլեւս...



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ