Տոնի սիրտ չունենք

Տոնի սիրտ չունենք
Անշուշտ, անձրեւն ու մռայլ եղանակը չէին պատճառը, ոչ էլ տոնական միջոցառումների պակասը, որ մարդիկ երեկ՝ Հանրապետության օրը, տոնական տրամադրություն չունեին, եւ անկախության օրվա ուրախությունն զգալի չէր երկրում:



 



Անցած տարիներին, հիշում եմ, այդ օրվա առիթով մարդիկ շնորհավորում էին միմյանց, տոնական մթնոլորտ էր տիրում: Եվ այդ մթնոլորտը չէր սահմանափակվում պաշտոնական-պարտադրված ծեսերով ու պաթետիկ ճառերով, այլ բխում էր մարդկանց սրտից՝ անկեղծ էր ու ինքնաբուխ: Հիմա ոչ միայն Հանրապետության օրն է խամրել, այլեւ մարդիկ կորցրել են պետականության, անկախության, ինքնիշխանության գիտակցությունը: Եվ տոնի ոչ սիրտ ունեն, ոչ տրամադրություն: Ու ստացվել է այնպես, որ պետական, նոմենկլատուրային վերնախավի մի հատված տոնում է ու զվարճանում, մեդալներ է բաժանում, կոչումներ շնորհում, խնջույքներ անում, իսկ հասարակության գերակշռող մասը՝ սգում: Սգում է գազի եւ մյուս գների բարձրացումը, կարկուտի հետեւանքով կորցրած բերքը, բանակում կորցրած զավակներին:



 



Նաեւ վրդովվում է Ռուսաստանից ժամանած էմիսարի՝ ոմն Կուրղինյանի՝ մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող ելույթից, Հայաստան ժամանած արքայական ընտանիքի անդամի՝ արքայազն Չարլզի գաղտագողի Մատենադարան գնալուց: Նաեւ մտահոգվում է աղետալի չափերի հասնող արտագաղթի առիթով, ԼՂՀ կոնֆլիկտի չկարգավորման, աշխատատեղերի նվազման, ծնելիության անկման, հիվանդացությունների աճի, կենսամակարդակն իջնելու եւ շատ ու շատ այլ պատճառներով: Այսքան հոգսերի ու խնդիրների առկայության պարագայում որեւէ տոն՝ անգամ ամենանվիրականը, չի կարող ուրախացնել մարդկանց: Առավել եւս, երբ այսօր՝ մոտ մեկ դար անց, մենք շատ ավելի լավ վիճակում չենք, քան Առաջին հանրապետության ծանր ու դժնդակ օրերին էր: