Բողոք առ Աստված

Բողոք առ Աստված
Երբեմն անկեղծորեն ցավակցում եմ հեռուստատեսությունում աշխատող մեր գործընկերներին, երբ հետեւում եմ նրանց տիտանական ջանքերին, թե ինչպես են փորձում արդարացնել այն, ինչը դժվար է արդարացնել:



 



Երբ գովերգում են այն, ինչը քննադատության է արժանի: Երբ գրում եւ ցուցադրում են այն, ինչին չեն հավատում, ինչի հետ կտրականապես համաձայն չեն: Սրանից ավելի ողբերգական վիճակ՝ լրագրողի համար, հնարավոր չէ պատկերացնել: Ահա, Հանրային հեռուստատեսությամբ ռեպորտաժ է ՀՀ նախագահի մրցանակների մասին, երբ ողջ մամուլը հեղեղված է գրող Լեւոն Խեչոյանի՝ մեդալից հրաժարվելու մասին լուրերով, մեր խեղճ գործընկերները զրկված են այդ մասին խոսելու իրավունքից: Բայց նրանց հանձնարարված է հնարավորինս շքեղ ու հանդիսավոր ներկայացնել նախագահականում տեղի ունեցող մրցանակների հանձնման երեկվա արարողությունը: Ի՞նչ անել: Լրագրողը գտել է «ձեւը»՝ մրցանակ ստացողները երախտագիտության շռայլ խոսքեր են ասում, փայլող աչքերով բեմ բարձրանում, ամեն ինչ սիրուն է, ապա ուղեկցող տեքստում հնչում է՝ այս տարիներին նախագահի ձեռքից (կարծեմ) 270 մարդ մրցանակ է ստացել:



 



Ենթատեքստը պարզ է. մի Լեւոնի՝ մրցանակից հրաժարվելը չի կարող պղտորել մեր տոնը: Թվում է՝ լրագրողը վաստակել է իր հացը, բայց կեսճշմարտությունը կեղծիքից քիչ է տարբերվում: Հաջորդ լրագրողական «մենախոսությունը». ինչու է անձրեւի ու բնության աստվածը մեզնից երես թեքել` մտերմիկ տոնով հեռուստադիտողին հարցնում է իշխանություններին ծառայելու գործում ռեկորդներ սահմանած լրագրողը: Պարզվում է՝ ոչ ոք մեղավոր չէ մեր դժբախտությունների մեջ, այդ աստված է մեզնից երես թեքել: Ի՞նչ անի խեղճ կառավարությունը, երբ շարունակ անձրեւ է գալիս: Կարելի է կարծել, թե աշխարհի ոչ մի երկրում անձրեւ չի գալիս, կարկուտ չի տեղում: