Հայերը՝ դրսում

Հայերը՝ դրսում
Զրուցակիցս սպորտսմեն է՝ մանկական սպորտի մարզիչ, վերջերս սաներին տարել է Վրաստան, կարծեմ՝ Բաթումի, ինչ-որ մարզումների: Պատմեց, թե ինչ դժվարությամբ են տեղ գտել, երեխաների սնվելու հարցը լուծել:



 



Կհարցնեք՝ ինչո՞ւ դժվարությամբ, վրացիք մասնագիտացել են զբոսաշրջիկներ ընդունել-ճանապարհելու հարցում: Պարզվում է՝ մեր խումբը զարմանալի վատ ընդունելության է արժանացել մի քանի վայրերում: Գրեթե պայմանավորվել են գնի եւ պայմանների շուրջ ու արդեն տեղավորվելիս են եղել, երբ տանտերերն իմացել են, որ հայեր են, ու հրաժարվել են կացարան տրամադրելուց: Երբ իրավիճակը կրկնվել է, տեղի հայերից մեկը խորհուրդ է տվել՝ ասեք թուրք ենք: Որքան էլ ցավալի է, պարզվել է՝ թուրքերին այստեղ մեծ սիրով են ընդունում, սրանք իրենց խոսքի տերն են՝ պայմանավորված գումարը վճարում են, ավելորդ խնդիրներ չեն առաջացնում, գույքը չեն փչացնում: Թեման շարունակելով հիշեցնեմ մեր երեկվա հոդվածը՝ Բելգիայում հայկական մի կրիմինալ խավ է ձեւավորվել, որոնց մշտապես հսկողության տակ պահելու համար բելգիական ոստիկանությունը նրանցից ամենավտանգավորների ոտքերին հատուկ «բրասլետներ» է հագցնում, որ 24 ժամ հետեւի տեղաշարժին:



 



Սրանք այնպիսի հանցանքներ չեն կատարել, որ բանտ նստեցնեն, բայց հայտնվել են անբարեհույսների ցուցակում: Եվս մի դեպք կլրացնի հայերի՝ դրսում ունեցած վարկանիշի մասին պատումս: Հորդանանում մի շատ բարեհամբույր արաբի խանութ մտանք՝ զարդեր էր վաճառում: Շատ սիրալիր սպասարկում էր, զրուցում մինչ այն պահը, երբ իմացավ, որ հայ ենք: Այլայլված առեւտրականը պատմեց, որ հայերը խմբով մտնում են խանութ, մինչ մեկն իրեն զբաղեցնում է, մյուսները սրբում են, ինչ կարողանում են: Ամոթից ուզում էի գետնի տակ անցնել: Ահա այն կերպարը, որով ներկայանում ենք աշխարհին: