Հիացմունքի առիթ՝ չիք

Հիացմունքի առիթ՝ չիք
Երեկ ինտերնետ տիրույթում երկու սենսացիոն լուր էր շրջում՝ Սյունիքի մարզպետի ոչ այնքան անսպասելի պաշտոնանկությունը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շատ անսպասելի ամուսնալուծությունը:



 



Եթե առաջին լուրը վերջին դեպքերի բնականոն զարգացումն էր եւ հասարակական պահանջի հետեւանք, ապա երկրորդը տարիներ շարունակ հասունացած պրոցեսի եզրահանգումն էր: Համենայնդեպս, ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցները եւ որոշ թերթեր տարիներ շարունակ գրում էին ռուսական պետության ղեկավարի արտամուսնական կապերի մասին, ուստի այդ որոշումն ավելի քան սպասելի էր ու բնական: Անսպասելին մեր հասարակության արձագանքն էր այս՝ շարքային իրադարձություններին: Երբ իր պարտականություններում թերացած, մարզը ֆեոդալական կալվածքի վերածած, քրեական պահվածքով աչքի ընկնող պաշտոնյան հեռացվում է, դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Այսպես ասած, ոչ հրճվելու, ոչ էլ զարմանալու առիթ՝ չիք:



 



Բայց մերն ուրիշ է՝ մենք այնքան ենք վատը տեսել, այնքան հաճախ ենք համոզվել, որ վատ պաշտոնյան հենց այն է, ինչին ձգտում է իշխանությունը, որ նրան հեռացնելը մեր հաղթանակն ենք համարում: Բայց առավել անհասկանալի էր այն հիացմունքը, որ երեկ ապրում էին սոցցանցերի օգտատերերը Պուտինի բաժանվելու լուրի առնչությամբ: Տողատակերում զգացվում էր նախանձը՝ հսկա պետության ղեկավարը գնաց դրան: Չէ՞ որ հայ հանրությունը նախընտրում է ամեն գնով պահպանել ամուսնական առագաստը՝ անգամ եթե այդ գինը կեղծիքն է, ձեւական հարաբերությունները պահպանելը: Չէ՞ որ պետական գործչի կարիերան այնքան կարեւոր է, որ այն չի կարելի վտանգել՝ հասարակության աչքում կորցնելով օրինավոր ամուսնու վարկանիշը: Ավելի լավ է հանդուրժել ու ապրել, քան վտանգել սեփական բարեկեցությունը: