Գաղթականի տենդը

Գաղթականի տենդը
Վրաստանից ժամանած մեր հայրենակիցը վշտացած էր ու մտահոգ: Նա սահմանի վրա բախվել էր Հայաստանից մեկնող մեծ թվով մեքենաների, որոնց ուղեւորների մեծ մասը, վստահաբար, երկրից մեկնում է չվերադառնալու որոշումով: Տխուր տեսարան էր՝ պատմում է նա. «Քոչները կապած, մեր ու մանուկ վերցրած, փախչում են երկրից»:



 



Բայց տեսարանի թողած տպավորությունն ավելի է խորացել, երբ սահմանապահ վրացիներից մեկը հեգնանքով, թե անտեղյակությունից դրդված հարցրել է. «Ինչ է՝ Հայաստանում պատերա՞զմ է սկսվել, որ հայերն այսպես գլխակորույս փախուստի են դիմում»: Պատերազմը հայերի հոգիներում է, որտեղ չկա խաղաղվածության, ապահովության, կայունության, թերեւս նաեւ հայրենիքի զգացում: Հայի հոգու փոթորիկն ո՞վ է հանգցնելու: Ո՞վ է մեզ տալու այն հոգեկան անդորրն ու հողին կառչելու դարավոր ավանդույթը, որը մարդուն մարդ է պահում եւ պահում է իր հայրենիքում: Նրան ստիպում շենացնելու հող հայրենին, ծաղկեցնելու այն, բավարարվելու ունեցածով ու հավատալու լուսավոր ապագային: 21-րդ դարը նաեւ ճամփորդելու, այլ երկրում բախտ որոնելու, արտերկրում ուսանելու, փող վաստակելու դար է:



 



Աշխարհի ժողովուրդները չեն հրաժարվում օտար ափերում խարիսխ գցելու գայթակղիչ առաջարկներից, մեկնելն ու ժամանելը դարձել է մարդկանց կյանքի բաղկացուցիչ մասը, բայց շատ պետություններում մեկնելը չի նույնացվում արտագաղթելու հետ, եւ արտագաղթի գաղափարն էլ այսքան ցավոտ չի ընկալվում: Մեր երկիրն իր քաղաքացու կարիքն ունի, իսկ քաղաքացին իր երկրի կարիքն ինչո՞ւ չունի: Ինչո՞վ է բացատրվում գաղթականի այս անհաղթահարելի տենդը, որ մեր միջից արմատախիլ անել չի հաջողվում: Որ քանդում է մեր տունը: Մեզ դարձնում անտուն ու անհայրենիք քոչվորներ, որոնք ոչ իրենց հողի վրա են լավ զգում, ոչ օտարի: