«Մհերի դուռը» մի օր կխոսի

«Մհերի դուռը» մի օր կխոսի
Մոտ մեկ տարի առաջ լրագրողական եւ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված «Մհերի դուռ» կազմակերպությունից երկար ժամանակ է, ինչ որեւէ տեղեկություն չկա:



 



Նույնիսկ նրանց հետ կոնտակտի դուրս եկող միակ անձը` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, երկար ժամանակ է՝ չի հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք՝ մամուլում հրապարակվեց, որ այդ կազմակերպության ձեռքի տակ կան իշխանական էլիտայի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին աղմկոտ կոմպրոմատներ եւ սկանդալային ցուցակներ, որոնց հրապարակումը կարող է ցնցել հայ հանրությանը: Ցուցակների բովանդակությանը Գառնիկ Իսագուլյանը ծանոթ է, սակայն հրաժարվում է դրանք հրապարակայնացնել` պատճառաբանելով, թե դրանք իր տեղեկությունները չեն: Ներկայացնում ենք Իսագուլյանի հետ մեր զրույցը:



 



- Պարոն Իսագուլյան, ինչո՞ւ այլեւս չեք խոսում «Մհերի դուռ» կազմակերպությունից:



 



- Բայց «Մհերի դուռն» ինձ հետ ի՞նչ կապ ունի:



 



- Դուք էիք ասում, որ հսկայական ինֆորմացիայի եք տիրապետում բարձրաստիճան պաշտոնյաների մասին:



 



- Դա ես չէի ասել, այլ «Մհերի դուռը»: Ես արդեն 7 ամսից ավել է՝ չեմ հանդիպել նրանց: Վերջին անգամ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ենք հանդիպել:



 



- Կասկածներ հնչեցին, որ այդ աղմկոտ փաստաթղթով փորձ էր արվում ընտրություններից առաջ որոշ մարդկանց շանտաժի ենթարկել, կոմպրոմատներ ներկայացնել նրանց դեմ:



 



- Կոնկրետ իմ ասածները, «Մհերի դուռ» կազմակերպության խնդիրները եւ այդ կոմպրոմատները իրար հետ ոչ մի կապ չունեն: Եթե ուշադիր նայեք իմ հարցազրույցները, կտեսնեք, որ այնտեղ ոչ մի անուն չի նշվում:



 



- Ե՞րբ եք պատրաստվում կրկին հանդիպել նրանց հետ: Գուցե ընտրություններից հետո հետաքրքիր ինֆորմացիաներ լինեն Ձեզ հայտնելու:



 



- Դա միայն իրենք են որոշում: Ցավոք սրտի, այդ մարդիկ ինձ նույնիսկ չեն էլ ներկայանում: Երբ ցանկանան հանդիպել, այդ ժամանակ էլ կհանդիպեմ: Ես սովորություն էլ չունեմ ավելորդ հարցեր տալ: Ինչ իրենք հարկ են համարում, ասում են, ինչ՝ չէ, հարցեր չեմ տալիս:



 



- Չե՞ք ուզում հրապարակել Ձեր ձեռքի տակ առկա ինֆորմացիան:



 



- Քանի որ դա իմ ինֆորմացիան չէ, բնականաբար, չեմ հրապարակի: Ճիշտ է, ինձ բավականին ինֆորմացիա է հայտնի եւ Արմեն Ավետիսյանի ցուցակների, եւ այն ամենի մասին, ինչ որ «Մհերի դուռ» կազմակերպությունն ինձ ներկայացրել է, բայց, կրկնում եմ, դրանք իմ ինֆորմացիաները չեն: Եվ երբ մարդկանց մեջ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դրանք մնում են իրենց մեջ, այդպես էլ պետք է լինի: Եթե իրենք ցանկություն հայտնեն հրապարակայնացնել այդ տեղեկությունները, իրենք նախաձեռնեն, դա ուրիշ բան:



 



- Իսկ Դուք չե՞ք փորձել հետաքրքրվել, թե հատկապես ինչու են հենց Ձեզ ընտրել:



 



- Նախկինում, հասկանալի էր, նախագահի ներկայացուցիչն էի ԱԺ-ում:



 



- Իսկ հիմա՞, երբ այլեւս այդ պաշտոնում չեք:



 



- Չգիտեմ, գուցե մարդիկ աշխատում են մարդկանց հետ, ում վստահում են, ում նկատմամբ հավատ ունեն: Նաեւ ապագայի հետ կապված որոշակի տեսլական ունեն:



 



- Ի՞նչ տեսլական կարող է լինել Ձեզ հետ կապված:



 



- Չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք: Հասարակության մեջ մարդու դիրքը երբեք պաշտոնը չի որոշում: Սա շատ կարեւոր հանգամանք է: Ասեմ, որ պատահական ոչինչ չի լինում: Մեր երկրորդ հանդիպումից հետո ես հասկացա, որ նրանք մարդիկ են, ովքեր շահագրգռված են լավ բան անելու:



 



- Այդ դեպքում ինչո՞ւ են իրենց խորհրդավորության քողով պատել: Ինչո՞ւ չեն հրապարակում այդ ցուցակների բովանդակությունը, եթե կան այդպիսիք:



 



- Շատ կարեւոր է, որ հասարակությունն ինքը պատրաստված լինի լսելու այդ ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որը չի կարող հետեւանք թողնել հասարակական-քաղաքական կյանքում, ապա այդ ճշմարտությունն իմաստ չունի ասել: Ձայն բարբառո հանապատի որ ասում են, հենց դա է: Հիմա, ցավոք սրտի, նույնիսկ հասարակությունը պատրաստ չէ ճշմարտություն լսելու, հետեւաբար նաեւ ադեկվատ գործողություններ անելու: Եթե պետք է ինչ-որ բան ասվի, եւ դա հետեւանք չունենա, ապա իմաստ չկա ասելու, բայց նաեւ չասել, որ կա այն, ինչը վաղը պետք է ասվի, եւս ճիշտ չէ: Հասարակության ցանկացած ներկայացուցիչ պետք է իմանա, թե ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի, ցանկացած պատգամավորի որտեղից այդքան ունեցվածք: Եվ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է կարողանա մեկիկ-մեկիկ ներկայացնել, թե որտեղից իրեն այդ ունեցվածքը: Հայաստանյան իրականության համար, կիսապատերազմական երկրի համար սա պարտադիր պայման է: Ցանկացած պետական չինովնիկ պետք է կարողանա հասարակության առաջ պատասխան տալ: Եթե իրենցից այսօր այդ պատասխանը չեն պահանջում, ուրեմն վաղը հաստատ կպահանջեն:



 



- Այսինքն ուզում եք ասել, որ մեր հասարակությո՞ւնը պատրաստ չէ լսելու այն ինֆորմացիան, որին տիրապետում է «Մհերի դուռը»:



 



- Մեր հասարակությունը գուցե պատրաստ է, բայց մենք, որպես պետություն՝ իր ինստիտուտներով, այդ խնդիրը չենք դրել: Որեւէ պետական պաշտոնյայի պետական ինստիտուտի վերաբերյալ հարց բարձրացնելու դեպքում համապատասխան ինստիտուտները` ոստիկանություն, հատուկ ծառայություններ, նախագահի աշխատակազմ, պարտավոր են արձագանքել եւ օրենքով նախատեսված իրենց ֆունկցիաները կատարել: Ցավոք, այսօր այդ ադեկվատ արձագանքը չկա: Բայց, կրկնում եմ, դա չի նշանակում, որ վաղը չի լինելու:



 



- Փաստորեն, ամեն դեպքում սպասենք բացահայտումների:



 



- Եթե մարդիկ աշխատել են, կոնկրետ այս դեպքում՝ «Մհերի դուռը», ապա ինչ-որ ժամանակ անպայման փորձելու են իրենց աշխատանքի արդյունքն ստանալ: Շտապել պետք չի: Շատերն ինձ ասում են. փաստեր գիտեք՝ չեք ասում: Հա, ասեցի, հետո՞: Հիմա շատ փաստեր կան, բայց դրանք այդպես էլ անհետեւանք մնում են: Օրինակ, Սյունիքի դեպքերով մամուլը տասնյակ փաստեր է գրում, որեւէ փաստի վերաբերյալ գործ հարուցվե՞լ է , մարդիկ կանչվե՞լ են հարցաքննության, փորձե՞լ են պարզել: Բայց եթե հիմա չեն անում, դա չի նշանակում, որ վաղը չեն անելու: