Հաշվեհարդարի ավանդույթը

Հաշվեհարդարի ավանդույթը
Հայաստանում ամենահեշտ բանը մարդու հետ հաշվեհարդար տեսնելն է: «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահին իր աշխատասենյակում մի քանի օր առաջ դաժան ծեծի են ենթարկել: Պարզապես փողոցից մարդիկ մտել են նրա աշխատասենյակ, ծեծել ու անարգել հեռացել:



 



Մեկ տարի առաջ այդպիսի մի դաժան հաշվեհարդարի արդյունքում մահացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Տարիներ առաջ նման մի դաժան ծեծի արդյունքում Աշոտ Մանուչարյանը հայտնվեց հիվանդանոցում, ենթարկվեց բազմակի վիրահատությունների եւ երկար տարիներ բուժվում էր, սակայն մարդակերպների ավերածություններն այսօր էլ նկատելի են նրա դեմքին: Չկա օր, որ մենք՝ լրագրողներս, սպառնալիքներ չստանանք: «Չե՞ք վախենում», «բա որ հարցերդ լուծենք», «տանդ տեղը գիտեմ» եւ նմանատիպ արտահայտություններին մենք հումորով ենք վերաբերվում, բայց «պատից կախված հրացանը», որպես կանոն, վերջին արարում կրակում է, եւ չի բացառվում, որ հոգեկան հավասարակշռությունը կորցրած, անպատժելիությունից գազազած մեկն այդ սպառնալիքները մի օր իրականացնի: Զինված հաշվեհարդարները թերեւս այլ «կինոյից» են եւ ուրիշ խոսակցության թեմա, բայց նույնպես վկայում են մեզանում տիրող մթնոլորտի, անպատժելիության, ուժով ու զենքով հարցեր լուծելու համընդհանուր մտածողության մասին:



 



Այս պարագայում խիստ կարեւորվում է ոստիկանության, պատժող մարմինների դերը: Երբ Գորիսի ոստիկանությունը կես ժամից ավելի սպասում է՝ մինչեւ մարզպետի տան մոտ ընթացող փոխհրաձգություններն իրենք իրենց մարեն: Երբ բանկի անվտանգության աշխատակիցները խուսափում են միջամտել բանկի նախագահի ծեծին: Երբ ծեծվողը գիտի իրեն ծեծողին, իսկ իրավապահները ոչ մի կերպ «չեն հայտնաբերում», ծեծի ավանդույթը ծաղկում է: Տարածվում ու մտնում յուրաքանչյուր տուն: