Հիմնասյուները

Հիմնասյուները
Երբ խոսում են մեր երկրի առաջընթացի, զարգացման մասին, երբ խոսք է գնում հայրենիքից ու հայրենասիրությունից, ես հիշում եմ այն մարդկանց, որոնց վրա, ըստ իս, կանգնած է այս երկիրը:



 



Այդ մարդկանց ցանկը, ցավոք, այնքան էլ մեծ չէ, բայց ես հպարտանում եմ նրանցով եւ մտածում եմ՝ եթե մեր երկիրն ապագա ունի, ապա այդ ապագան նրանցով է պայմանավորված, ու հենց նրանք են մեր երկրի ապագան: Այսօր ուզում եմ տարիների ընթացքում ձեւավորված այդ փոքրիկ ցանկից առանձնացնել երկուսին՝ երկու երիտասարդների, որոնք աշխատում են օրական 12-14 ժամ, հասել են իրենց մասնագիտության մեջ զգալի հաջողությունների, բայց շարունակում են աշխատել իրենց վրա: Մարդիկ, ովքեր ապրում են բարեկեցիկ կյանքով եւ տարեցտարի ավելացնում բարեկեցության իրենց սանդղակը: Մարդիկ, ովքեր վայելում են իրենց շրջապատի սերն ու հարգանքը: Մարդիկ, որոնց առաջխաղացումը պայմանավորված չէ սրա-նրա հովանավորությամբ, պապերից ու հայրերից ստացած ժառանգությամբ, տարբեր կարգի արտոնություններով:



 



Մարդիկ, ովքեր հազար անգամ կարող էին արտագաղթել երկրից, բայց մնացել են եւ իրենց մնալով ապացուցել, որ մեր երկրում էլ կարելի է ինչ-որ բանի հասնել: Նրանցից մեկն ատամնաբույժ Էդիկ Թոխունցն է, որին 6-7 տարի է՝ ճանաչում եմ եւ ամեն անգամ հիանում նրա արձանագրած մասնագիտական թռիչքով, նրա չմեծամտանալու կարողությամբ, նրա՝ Հիպոկրատի երդմանը հավատարմությամբ: Մյուսը փաստաբան Արա Զոհրաբյանն է, որին առաջին անգամ տեսել եմ «Ա1+»-ի դատավարության ժամանակ՝ 10-11 տարի առաջ, եւ անմիջապես արձանագրել, որ գործ ունենք խոստումնալից ու հեռանկարային փաստաբանի հետ: Հիմա նա փաստաբանական կայացած գրասենյակի ղեկավար է, Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, հուսով եմ՝ առաջիկայում նաեւ նախագահ: