Թռչունները Գոհարից են ծլվլալ սովորել

Թռչունները Գոհարից են ծլվլալ սովորել
Վերջապես գտա այն հարցի պատասխանը, թե ինչու՞ շատ երգեր, որոնք գրվել են Մեծերի կողմից, անհույզ են հնչում շատ կատարողների շուրթերից ու հոգիդ երգել չի ուզում: Գտա, երբ պատահաբար ընթերցում էի Գոհար Գասպարյանի խոհերը. «Ինձ հետաքրքրում էր, այն ամենը, ինչ կապված էր Անուշի հետ: Անհագնորեն ուսումնասիրում էի Թումանյանի պոեմը: Մեկնեցի Լոռի, հիացա, զմայլվեցի  եւ ապրեցի այդ չքնաղ բնությամբ… Երգեցի եւ ձայնիս արձագանքի մեջ լսեցի  այդ խորհրդավոր բնության անդրադարձը… »՚:



 



 



Հաճախակի էի ինքս ինձ հարց տալիս՝ մի՞թե մարդկային բանականությունը կարող է թույլ տալ Անուշի խելագարության պահը հասցնել այնպիսի բնական կատարելության, ինչպիսին հասցրել է Գոհարը: Ու դա Աստվածատուր էի համարում՝ անտեսելով երգչուհու ծանր աշխատանքը: Հուշերն ամբողջացնում են պատկերը.  «Անուշի պարտիայի հանձնումն էր: Դահլիճում նստած էր նաեւ «Անուշ» օպերայի հեղինակը` մեծն Արմեն Տիգրանյանը: Բեմում Գոհար Գասպարյանը իր տարերքի մեջ էր: Հասավ կուլմինացիայի տեսարանը` Անուշի խելագարության պահը: Երգչուհին հնչեցրեց վերջին նոտան, այն էլ` մի ամբողջ օկտավա բարձր, Արմեն Տիգրանյանը  զարմանքից գրեթե ճչաց.- Կեցցե,աղջիկս,  հիասքանչ է… Ես այդպիսի նոտա, այդպիսի ավարտ չէի գրել, դա ինքն է ավելացրել, դա իրենն է, աներեւակայելիորեն լավ է…Ֆինալում այնքան անկեղծ, անմիջական եւ հուզիչ խաղ ցույց տվեց, որ ինձ թվաց` Դեբեդի ձայնն եմ լսում»: Մերօրյա երգչուհիներից մեկը, ով կատարում է Ջիվանի, Շերամ, Գուսան Աշոտ, Սայաթ Նովա, տեսնես երաժշտական հատուկ ուսումնասիրությամբ եղե՞լ է այն վայրերում, որտեղ ծնվել է այդ երգը, գիտի՞, որ գետակի, առվի, ծաղկի մասին է երգը, լսե՞լ է այդ գետի ղողանջը: Եթե այո, ինչու՞  համատարած աստղաբույլի մեջ նոր Գոհար չի ծնվում:



 



Մեկ էլ ինձ զարմացնում էր Գոհար Գասպարյանի   «Օրորոցայինի» կատարումը, որն այնքան չքնաղ ու կատարյալ է, որ ինձ թվում էր, թե նա հոգին հանել ու բաց հոգով է երգում: Տարիներ շարունակ խաղաղությունս գտնում էի այդ երգի հնչյունների տակ ու նրա մեջ զգում էի  մայրական այն մեծ սերը, որը կբավարեր մի ողջ աշխարհի: Շատ ուշ իմացա, որ Գոհարը Տիգրան Լեւոնյանից ունեցել է տղա երեխա, որն ապրել է ընդամենը մի քանի օր: Երգչուհու հոգու վիշտն ու թախիծը չամոքվեց ու միշտ մնաց նրա էության մեջ:  Հետագայում երգչուհու խոստովանությունից պարզվել է, որ «Օրորոցայինը՚» կատարելիս նա միշտ հիշել է իր նորածին երեխային: Սա վկայությու՞ն չէ, որ բացի Աստվածատուր շնորհից, երգով պետք է ապրել, երգը պիտի լուծել արյան մեջ ու նոր հրամցնել հանդիսատեսին: Հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհին ասել է, որ  մի անգամ հերթական համերգից հետո իրեն է մոտեցել  Վարպետը` Ավ. Իսահակյանը եւ հարցրել.



 



-Գոհար ջան, կարո՞ղ ես  ասել` սոխա՞կն է քեզնից երգել սովորել, թե՞` դու սոխակից: Այսուհետ քեզ պիտի կոչենք Հայաստանի սոխակ: Մեծ վարպետն այսպես է բնորոշել Գոհարին. «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»:Ինչու՞ հիմա նման սոխակ չունենք՝ ազգային խնդի՞ր չէ: Ինչու՞ ենք տառապում Քիմի ընկերքն ուտելու մոլագարությամբ կամ Լեդի Գագայի եղունգը միլինավոր դոլարներով վաճառելու խելահեղությամբ, ինչու՞ ենք մեր հոգուն ներարկում անսովորի, գռեհիկի այն խոշոր բաժնեչափը, որը կարող է լռեցնել բնության հրաշքը: Երգչուհու խոսքն է. «Եթե ուզում եք տեսնել հոգածությունը պատմության, ազգայինի հանդեպ, ասում էր երգչուհին, գնացեք Ճապոնիա: Եթե ուզում եք տեսնել 21-րդ դարը, դարձյալ գնացեք Ճապոնիա, ավելացնում էր»: Ինչու՞ չէր ասում՝ եկեք Հայաստան: Ու շարունակում է. «Հաճախ,- պատմում է Գոհարը,- համերգից ծաղիկներով ծանրաբեռ հյուրանոց գալիս մեր սենյակների դռների առջեւ տեսնում էինք անանուն երկրպագուների թողած ընծաները: Իսկ մի անգամ էլ հայտնաբերեցինք առանց խնդրանքի ամեն օր մեր ոտնամանները փայլեցնող «անտեսանելիին»: Պարզվեց, որ բժշկական ինստիտուտի ուսանող է: Մեր հարցին, թե ի՞նչն է իր կամավոր ու անվճար սիրալիրության պատճառը, լսեցինք նրա շատ հասարակ բացատրությունը.



 



- Ուզում եմ, որ դուք Ճապոնիայից լավ հուշեր տանեք»:



 



Ահա այսպես են գնահատել  երգը Ճապոնիայում, այսպես են գնահատել իրենց երկրի արժանապատվությունը, վարկը: «Մեր համերգների ժամանակ,- ասում է երգչուհին,- նրանք այնպես էին ծափահարում, որ բանաստեղծն անպայման համեմատության համար կընտրեր Ճապոնիայում գրեթե ամեն օր «ներկա» երկրաշարժի որոտը...»: Այդպիսի երկրաշարժային որոտ լինու՞մ է Հայաստանում, թե միայն ամպի պես որոտում ու անձրեւ չի լինում… Կարողանու՞մ ենք գնահատել մեր Գոհարներին, թե մեծերին հիշում ենք  ազգային սնապարծությունից: Այս հարցին կարող ենք պատասխանել միայն լռությամբ, փորձելով վերհիշել՝ պետական մակարդակով վերջին անգամ ե՞րբ ենք ականատես եղել Հայաստանի Սոխակի մեծարմանը: Իսկ գուցե այնուամենայնիվ հանդգնենք ու ասենք՝ փոքրերը ժամանակ չեն տալիս հիշելու Մեծերին կամ փոքրերը մեծություն են խաղում:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ