Վարդան Ղուկասյանը պնդում է, որ իրեն նպատակադրված հետապնդում են

Վարդան Ղուկասյանը պնդում է, որ իրեն նպատակադրված հետապնդում են
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 09.07.2013 թ. անցկացված   նիստի ժամանակ, Կարեն Եսայանի սպանության մեջ  մեղադրվողի մայրը փորձ է արել  շանտաժի և  լկտի ստի  միջոցով  շեղել ու  ծուղակի մեջ գցել ընթացող  դատապրոցեսը՝ մտածված  կերպով շրջանառության մեջ դնելով Վարդան Ղուկասյանի  և նրա որդու անունը:



Բոլորին էլ պարզ է, որ    ամբաստանյալի  մայրը  չունենալով որդուն արդարացնող   հստակ և անհերքելի փաստարկներ,  դիմում է ցանկացած միջոցի, այդ թվում՝  շինծու և, անգամ,  անառողջ  մտքերի տարածմանը:   Այդ տիկինն  այնքան է չափ անցնում, որ կատարելագործելով իր     բանսարկությունը,   հնարում  է   միայն  իրեն հայտնի ինչ-որ  խոսակցության ինչ-որ մանրամասներ:



Յուրաքանչյուր    ողջախոհ մարդ հասկանում է, որ    հանցագործի մոր  նպատակն է՝ զրպարտությամբ և հերյուրանքներով,   իրավիճակը  միտումնավոր  շիկացնելով  և  դատարանի դահլիճում բախումներ հրահրելով,  շեղել  դատական պրոցեսի  ընթացքը:    Համոզված ենք, որ  արդարադատության գերակայության պայմաններում, նրան չի հաջողվի որդու  արյունոտ ձեռքերը մաքրել  ուրիշների անունը  կեղտոտելու գնով: Այդ  մորից կարող էր ծնվել միայն այդպիսի սառնասիրտ  հանցագործ:



Վստահ ենք, որ  դատական  ատյանը  հատուկ ուշադրության  կարժանացնի նաև  այդ դատակոչվածի  պահվածքը:



Գտնում ենք, որ այս  ամենի  հիմքում   Վարդան Ղուկասյանի և  նրա  հարազատների  նկատմամբ  նախապատրաստվող նոր սադրանքներ են , որոնց մեջ,  ցավոք, մամուլը  դառնում է գործիք` ինչ-ինչ  պատվիրատուների ձեռքում:



Ստիպված ենք նորից   նշել, որ այս ամենի  ետևում, հավանաբար, կանգնած են  2007 թվականին    Վարդան Ղուկասյանի  նկատմամբ  մահափորձն  իրականացրած ուժերը: Այդ  հանցագործությունը  այդպես էլ մնում է չբացահայտված:



Իսկ  այսօր    ամեն մի  խաչմերուկում տեղի ունեցող  խուլիգանության   հետ Վարդան Ղուկասյանի  ընտանիքի անդամների  անունը շրջանառելը  նպատակ ունի վերջիններիս կապել  կրիմինալի  հետ, որպեսզի  ցանկացած   հանցագործության դեպքում, պատրաստի սցենարներ  ու հայտնի անուններ նշվեն մամուլում:



Սա  ոչ  այլ  ինչ է, եթե ոչ  նպատակադրված հետապնդում և հալածանք:



Դիմում ենք  բոլոր  պատկան  ատյաններին`  կանխելու  այս  վտանգավոր  երևույթները և վերջ  դնելու սադրանքների  սանձազերծմանը»: