Ադրբեջանում արգելել են «հայկական» «Անապատի սպիտակ արևը»

Ադրբեջանում արգելել են «հայկական» «Անապատի սպիտակ արևը»

Ադրբեջանի հեռուստաալիքներին արգելվել է ցուցադրել բոլոր այն ֆիլմերը, որոնց ռեժիսորը կամ սցենարիստը ներկայիս երկրի ամենալուրջ ընդդիմադիր, Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված 74-ամյա Ռուստամ Իբրահիմբեկովն է: Ադրբեջանի հեռուստաեթերում արգելված ֆիլմերի մեջ են «Հարցաքննություն», «Ծննդյան օրը», «Զբոսայգին», ինչպես նաև խորհրդային տարիների ամենասիրված կինոհիթերից մեկը՝ «Անապատի սպիտակ արևը», քանի որ բոլոր այս ֆիլմերի սցենարի հեղինակը Ռուստամ Իբրահիմբեկովն է:



Անվանի կինոգործիչ Իբրահիմբեկովը վերջին տարիներին ավելի շատ ներքաշվել է քաղաքականության մեջ և ներկա պահին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին Ալիևի վարչակարգի համար ամենաանցանկալի ընդդիմադիր գործիչներից է: Ադրբեջանում շատ են խոսում «հայերի հանդեպ նրա անսահման սիրո մասին»: Այն, որ ինքը հայամետ է, Իբրահիմբեկովը չի էլ թաքցնում, ինչը երկրում խիստ բացասական արձագանքներ է առաջացնում, անգամ՝ ընդդիմության դաշտում:  Պատահական չէ, որ նրան ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելը երկար ժամանակ հակասական կարծիքների առիթ էր տալիս:



2008-ին ռուսական մամուլին նրա տված հարցազրույցը, որում նա անթաքույց հայտնում էր հայ ազգի հանդեպ իր ունեցած ջերմ վերաբերմունքը, սկզբում ադրբեջանցիների մոտ զարմանք առաջացրեց, իսկ հետո այն փոխարինվեց նրա անձի նկատմամբ մերժողական միտումներով:



Հայերի հանդեպ նրա «հավերժ սիրո» վկայություններից է այն իրողությունը, որ Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության միջոցների հաշվին նա Բաքու՝ «Արևելք-Արևմուտք» միջազգային մշակութային փառատոնին հրավիրեց Ռոման Բալայանին, ում հետ երկարատև ընկերական կապեր ունի, ինչպես նաև նախկին բաքվեցի Ռուդիկ Ավանեսովին, ով աշխատել է ադրբեջանական նախարարություններից մեկում:



 



Նյութը՝ www.aif.ru կայքից